Հենրիխ Մխիթարյան. Գնահատում եմ նույնիսկ իմ թշնամիներին, որոնք ինձ ավելի ուժեղ են դարձնում
«Շախտյոր» ֆուտբոլային ակումբի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների նախօրեին, որը կանցնի մայիսի 14-ին «Դոնբաս Արենա» մարզադաշտում, Viva!-ն էքսկլյուզիվ ֆոտոշարքի համար հրավիրել էր «Շախտյորի» հիմնական կազմի աստղերին իրենց ընտանիքներով։
Ֆուտբոլիստները նկարահանվում էին սպորտային կոշիկներով և մարզաշապիկներով, իսկ դասական հանդերձանքով խոսում էին անձնական թեմաներով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ նյութի այն հատվածը, որտեղ խոսվում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Եթե մենք գրեինք այս ֆուտբոլիստի մասին Շեքսպիրի ժամանակներում, ապա կներկայացնեինք նրան մոտավորապես այսպես. Հենրիխ Մխիթարյան, Համլետի որդին, և հետո կթվարկեինք նրա տիտղոսները։ Իսկ մեր դարում, երբ ամեն ինչ ավելի հեշտ է դարձել, մենք ներկայացնում ենք մեր հերոսին համապատասխան. Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։
- Հենրիխ, պատմի մեզ քո մասին։
- Ես ծնվել եմ 1989թ. հունվարի 22-ին, Հայաստանի սրտում՝ Երևանում։ Ես մեծ քույր ունեմ՝ Մոնիկան։ Իմ մայրիկի անունը Մարինա է։ Մայրիկիս և քրոջս անունները հայկական չեն։
- Քո հայրը շատ յուրահատուկ անուն ունի՝ Համլետ։ Ձեր ընտանիքում Շեքսպիրին շա՞տ էին սիրում։
- Ուղղակի տատիկս ու պապիկս շատ էին սիրում այդ անունը։
- Քեզ հա՞յրդ է ֆուտբոլի տարել։
- Ոչ, իմ հայրը արդեն 14 տարի է, ինչ մահացել է, և ֆուտբոլիստ դառնալն իմ որոշումն էր, ես մանկուց ապրում էի այս խաղով։ Երբ հայրս գնում էր մարզումների (այն ժամանակ նա խաղում էր սովետական «Արարատում»), ես կանգնում էի դռան առաջ և խնդրում, որ ինձ էլ տաներ։ Իմ կարիերան ես սկսել եմ Երևանի «Փյունիկում», իսկ 2009թ. տեղափոխվել եմ Դոնեցկի «Մետալուրգ», իսկ 2010-ին պայմանագիր եմ կնքել «Շախտյորի» հետ։
- Երբ հայրդ մահացավ, դո՞ւ դարձար ընտանիքի գլուխը։
- Ոչ, այն ժամանակ ես 7 տարեկան էի, այդ պատճառով բոլոր հոգսերը մայրիկիս վրա էին։ Իսկ այժմ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի իմ ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա։
- Հայրդ կարող էր հպարտանալ քեզնով։
- Ես աշխատում եմ ամեն ինչ անել։ Ես ցանկանում եմ իմ լավ ֆուտբոլային կարիերայով ճանաչում բերել Հայաստանին։
Հիմա Հենրիխի սիրտը ազատ է։ «Դեռևս չկա այնպիսի աղջիկ, որին ես կցանկանայի տեսնել իմ կողքին։ Սակայն ամռանը, երբ արձակուրդի ժամանակ կմեկնեմ Երևան, հնարավոր է, կհանդիպեմ իմ կյանքի կեսին, - խոստովանել է Մխիթարյանը։ - Ես ցանկանում եմ լավ մարդ լինել, սիրել և գնահատել շրջապատողներին, նույնիսկ իմ թշնամիներին, քանի որ նրանք ինձ ավելի ուժեղ են դարձնում։ Եվ շնորհակալություն Աստծուն, որ իմ ճանապարհին հայտնվում են միայն լավ և ազնիվ մարդիկ»։
Armsport.am










