Հայերեն լեզվով թատերախաղ՝ 50 տարվա ընդմիջումից հետո

14:57 • 19.12.11

Օրերս Քսանթիի «Էրղաթիքի էսթիա» թատերասրահում ներկայացվեց՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» թատերախաղը:
Քսանթիի հայոց Թաղական խորհրդի և հայ գթության խաչի «Արաքս» մասնաճյուղի վարչության հրավերով ու կազմակերպությամբ Բուլղարիայի «Հայ արվեստասիրաց թատերախումբը» մեծ հաջողությամբ ներկայացրեց երեք արարով թատերական կատակերգությունը: Այս մասին հայտնում է Հունաստանի «Ազատ օր» օրաթերթը։

Ինչպես նշում է «Ազատ օրը», սա ամբողջ արևելյան Մակեդոնիայի և հյուսիսային Հունաստանի հայ գաղութների համար գեղեցիկ անակնկալ էր, հաշվի առնելով այն, որ վերջին հինգ տասնամյակներում հայերենով թատերախաղ չի ներկայացվել:

Կատակերգության ներկայացմամբ թատերախումբը կարողացավ ներկաներին փոխադրել Պարոնյանի ներաշխարհի ու մտածողության միջից ներկայացված կերպարներին ու կյանքի անարդար ելևեջներին:

Արժանի աշխատանք էր կատարել բեմադրիչ Ֆիլիպ Տեր-Անտոնյանը, որի շնորհիվ դերակատարները մաքուր հայերենով ու հնչեղությամբ կատարեցին իրենց դերերը: