Դեկտեմբերի 28–ին հանդիսատեսի դատին կհանձնվի «Կարմեն» օպերայի համերգային տարբերակը
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգելու համար պետական բյուջեից հատկացված 8 միլիոն դոլարը հիմնականում կծախսվի ոչ թե թատրոնը հիմնանորոգելու , այլ տեխնիկապես վերազինելու վրա: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կամո Հովհաննիսյանը: Ամփոփելով տարին` նա նշեց , որ 2011-ը արգասաբեր էր օպերայի համար: Չնայած սուղ միջոցներին՝ թատրոնի անձնակազմը կարողացավ հանդիսատեսի դատին հանձնել երեք պրեմիերա , կազմակերպվեցին նաև մի շարք բարեգործական համերգներ։
Մինչև տարեվերջ դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ներկա գտնվելու ևս երկու համերգի `վաղը օպերայում բալետային երեկո է սպասվում, իսկ դեկտեմբերի 28-ին հանդիսատեսի դատին կհանձնվի «Կարմեն» օպերայի համերգային տարբերակը: Խոսելով հաջորդ տարվա պլանների մասին՝ Կամո Հովհաննիսյանը հայտնեց , որ նախատեսվում են նոր պրեմիերաներ ու շրջագայություններ: «Հյուրախաղերի հրավերներ շատ ենք ունենում ,բայց հիմնականում չենք կարողանում մասնակցել ֆինանսական խնդիրների պատճառով: Հույս ունենք ,որ գոնե հաջորդ տարի կկարողանանք մեկնել Ֆրանսիա, որտեղից մեզ վաղուց են հրավիրում, ևայնտեղ կներկայացնենք «Սպարտակ» բալետը»,- ընդգծեց Կամո Հովհաննիսյանը:










