«Ռոմանտիկները» հայկական կինոնախագիծը կստանա Գոթենբուրգի Միջազգային Կինոհիմնադրամի աջակցությունը

16:46 • 20.12.11

Գոթենբուրգի Միջազգային կինոփառատոնը, որը համարվում է Սկանդինավյան ամենախոշոր, իսկ Աշխարհի ամենաազդեցիկ 15 կինոփառատոներից մեկը, հայտարարել է գալիք տարվա Գոթենբուրգի Կինոհիմնադրամի արդյունքները։

Երիտասարդ կինոռեժիսորներ և կինոպրոդյուսերներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նախագիծն ընտրվել է սցենարի զարգացման աջակցություն ստանալու համար։ Յուրաքանչյուր տարի հիմնադրամին են դիմում ավելի քան 1500 կինոնախագծեր։ Ընթացիկ տարվա ամփոփիչ ցուցակում ընտրվել են 12 նախագծեր։

Իսկ բոլորովին վերջերս Շողիկ Թադևոսյանն ընտրվել է EAVE՝ աշխարհում առաջատար պրոֆեսիոնալ պրոդյուսերական դասընթացային ծրագրի կողմից և ստացել կրթաթոշակ։ Նրա մասնակցության բացառիկ հովանավորն է գերմանական Robert Boch հիմնադրամը։

Տեղեկացնենք, որ Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2012թ. ամռանը։ Ֆիլմը կարտադրվի «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության կողմից, Busse&Hulbershmidt՝ գերմանական հեղինակավոր կինոընկերության, EEF Allıance-ի և Goteborg Film Fund-ի աջակցությամբ։ Ինչպես նշում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ 2012թ. «Ռոմանտիկները» աջակցություն կստանա նաև կինոկենտրոնից։

Հավելենք, որ հեղինակներն այս տարի հրավեր էին ստացել աշխարհահռչակ՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրենի կողմից՝ նախագիծը զարգացնելու համար։ Ֆիլմի գլխավոր դերում կնկարահանվի տարվա լավագույն երտասարդ դերասան, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Նարեկ Ներսիսյանը։