Ալլա Լևոնյանը Ամանորին բոլորի պես իր բարեկամների համար նվերներ է պատրաստում
«Թեև ես հորոսկոպներին այնքան էլ չեմ հավատում, բայց 2011-ը հորոսկոպով իմ տարին էր և շատ հաջողակ էր ինձ համար: Դեռ տարվա սկզբին ոչ մի սպասելիք չունեի, քանի որ ոչինչ պլանավորված չէր, բայց շատ լավ իրադարձություններ եղան իմ կյանքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա Լևոնյանը` ամփոփելով 2011թ-ը: Նրա խոսքով` շատ հաջող մենահամերգներ են եղել Գերմանիայում, Թեհրանում, Արգենտինայում, Կանադայում, ԱՄՆ-ում: Իսկ ամենաանսպասելին Անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահից վաստակավոր արտիստի կոչում ստանալն էր:
«Չկարևորելով տեսահոլովակներ նկարահանելու հանգամանքը, այնուամենայնիվ երկու տեսահոլովակ նկարահանեցի, որոնցից մեկը` «Իմ մայրիկ» վերնագրով, շատ թանկ է ինձ համար, ես այն նվիրել եմ մայրիկիս` նրան հայտնելով իմ շնորհակալությունն այն ամենի համար, ինչ արել է ինձ համար: Ափսոսում եմ միայն, որ չկայացավ Սիրիայում նախատեսված մի մենահամերգ` այնտեղ սկսված քաղաքական անկայությունների պատճառով»,- ասաց երգչուհին` հավելելով, որ մնացած ամեն ինչում բարեբախտաբար կորուստներ և բացթողումներ չեն եղել:
Ալլա Լևոնյանն Ամանորը դիմավորելու է տանը, ընտանիքի հետ, քանի որ իրեն շատ ավելի հոգեհարազատ է ընտանեկան մթնոլորտը: Նա բոլորի պես իր բարեկամների համար նվերներ է պատրաստում,քաղցրավենիք և խմիչք, իսկ ամուսիններով միմյանց, սովորաբար, օծանելիք են նվիրում:
«Մանկության ամանորյա հեքիաթից ամենաշատն իմ մեջ տպավորվել է առաջին ձյունն իր մեծ մեծ փաթիլներով: Միշտ նստում էի պատուհանի մոտ, հենվում պատուհանագոգին ու էլեկտրական լուսարձակների վառ լույսի ներքո նայում երկնքին ու թափվող մեծ փաթիլներին` երազելով, որ գիշերը շուտ ավարտվի ու առավոտյան առաջինը ես անցնեմ ձյունածածկ ճանապարհով»,- պատմում էԱլլա Լևոնյանը:
Ամենատպավորիչ ամանորյա հուշերից էիրենց տոնածառը, որի տակ բարձ էր դնում ու պառկած, ժամերով նայում փայլող տոնածառին. «Հիմա էլ, երբ հիշում եմ այդ ամենը, մտաբերում եմ Հախվերդյանի «Ձյուն»-ը. ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, մինչև լույսերը հանգան ու ձայները լռեցին….»:










