Դեպարդիեն կմարմնավորի Ստրոս Կանին
Ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆերարան («Վտանգավոր խաղեր» և «Վատ լեյտենանտ» ֆիլմերի հեղինակ) մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանի սկանդալային պատմության հիման վրա ֆիլմ նկարահանել:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի «Սոֆիթել» հյուրանոցի աղախինը Ստրոս Կանին մեղադրել էր բռնաբարության մեջ, ինչից հետո նա ձերբակալվել էր և հրաժարական տվել իր պաշտոնից:
Ինչպես հաղորդում է Deadline.com-ը, Ֆերարան ֆիլմի գլխավոր դերում տեսնում է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին:
Ֆիլմում կլինեն նաև այլ հայտնի քաղաքական գործիչների սկանդալային պատմությունների մասին դրվագներ, օրինակ` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին, որի հեղինակությունը «վնասեց» Մոնիկա Լևինսկին, կամ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, ում վերջին տարիներին սկանդալները հետապնդում են գրեթե ամեն քայլափոխի:
Ստրոս Կանի կնոջ դերում կնկարահանվի Իզաբել Աջանին:
Ֆրանսիական Le Journal du Dimanche հրատարակության հետ զրույցում Դեպարդիեն ոչ մեկնաբանել է լուրերը, սակայն ոչ էլ հերքել:










