Մարկո Մյուլլերն այլևս Վենետիկի միջազգային կինոփառատոնը չի գլխավորի

11:47 • 28.12.11

Երեկ իտալական նշանավոր Բիենալեի գլխավոր խորհրդի նիստում տեղի է ունեցել քվեարկություն, համաձայն որի` Մարկո Մյուլլերն այլևս Վենետիկի միջազգային կինոփառատոնը չի գլխավորի` տեղեկացնում է Screen Daily-ն:

Անակնկալ քվեարկության արդյունքում, որը ղեկավարել է Պաոլո Բարատտան, Վենետիկի միջազգային կինոփառատոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել կինոքննադատ Ալբերտո Բարբերան:

Վերջինս նախկինում, մասնավորապես` 1998-2002թթ մեկ անգամ արդեն ղեկավարել է աշխարհահռչակ փառատոնը: Բացի դրանից Բարբերան 2004թ. աշխատել է Թուրինի կինոթանգարանի տնօրենի պաշտոնում, իսկ 2010թ. եղել է Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում:

Ինչ վերաբերում է Մարկո Մյուլլերին, ով 8 տարի շարունակ ղեկավարել էր փառատոնը` գրանցելով յուրօինակ ռեկորդ, վերջինս, ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Հռոմ և կգլխավորի տեղի ոչ պակաս հեղինակավոր կինոփառատոնը:

Հավելենք, որ աշխարհի ամենահին` Վենետիկի 69-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Արդեն այս պահին խոսվում են տարատեսակ կազմակերպչական ու ֆինանսական խնդիրների մասին: