Մաղձով լցված իրենց կույս ձևացնող քաղաքական գործիչները զզվեցրել են. Լևոն Իգիթյան
«Մարդիկ այս կոմպյուտերների կցորդն են դարձել, ահա ինչու շատերը տեղյակ չեն, թե ինչ հրաշալի ցուցահանդեսներ են լինում մեր մայրաքաղաքում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ, մտավորական Լևոն Իգիթյանը: Նրա խոսքովՙ շատ դեսպաններ են եկել, նայել այդ ցուցահանդեսները և անկեղծորեն հուզվել:
«Երբ մի դեպուտատ շոր է պատռում, ԶԼՄ-ներն այդքան ուշադրություն են դարձնում։ Պետք չէ , ուշադրություն մի դարձրեք, այլ ուշադրություն դարձրեք լավին,արվեստին»,- ասաց Լևոն Իգիթյանը:
Նրա խոսքովՙ հայերի հետ ամբողջ աշխարհը պիտի խոսի ինչպես հավասարը հավասարի հետ, իսկ դրա համար պետք է կարգավորվի հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտը:
«Իհարկե, ամեն ինչ դանդաղորեն փոխվում է դեպի լավը, բայց մի բան կա, որ տեղից չի շարժվում, դա մաղձով լցված իրենց կույս ձևացնող քաղաքական գործիչների ելույթներն են, որոնք արդեն զզվեցրել են»,- ասաց Լևոն Իգիթյանը:
Իսկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ մշակութային կյանքում անցնող տարվա ամենամեծ երևույթը Սալվադոր Դալիի գործերի ցուցադրությունն էր և Ջեյմ Ջոյսի թարգմանությունները:
«Արվեստագետի ցանկություններից և ունակություններից է կախված, թե նա ինչպես կարող է ներկայացնել իր ասելիքը: Ինձ համար թատրոնը հոգեմաքրում է, այնպես որ, նաև մեզանից ամեն մեկից է կախված, թե մշակութային խայտաբղետությունից ով ինչ կընտրի»,- ասաց Կարինե Խոդիկյանըՙ հավելելով, որ անցնող տարվա կարևոր երևույթներից էր Շառլ Ազնավուրի երկու հարցազրույցներն էին:
«Ես հասկացա, որ մեր երկրի վիճակը կարող է օբյեկտիվ գնահատել մեր մեծերից միայն Շառլ Ազնավուրը: Մտածում եմ, որ եթե նույնիսկ մեր իշխանավորները անտարբերության և լռության մատնեցին այդ հարցազրույցները, ապա գոնե նկատի կունենան մեծ հայի ասածները»,- ասաց Կարինե Խոդիկյանը:










