Ջորջ Քլունին, Մերիլ Սթրիփը, Մադոննան և «Արտիստ»-ը` «Ոսկե գլոբուսակիր»

10:31 • 16.01.12

Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին, Մերիլ Սթրիփը, ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և «Արտիստ» համր ֆիլմն օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից արժանացել են «Ոսկե գլոբուս»-ի: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ, Լոս Անջելեսում:

Դրամատիկ ժանրում լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի «Հետնորդները», որի գլխավոր դերակատար Ջորջ Քլունին էլ ճանաչվել է լավագույն դերասան: Նույն ժանրում լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երկաթյա լեդի»-ն` Մերիլ Սթրիփը (նա մարմնավորել է Մարգարեթ Թետչերին), մյուզիքլ կամ կատակերգություն ժանրի լավագույն դերասանուհի` Միշել Ուիլյամսը («Յոթ օր ու գիշեր Մերիլինի հետ»):

Երեք մրցանակակիր «Արտիստ» համր ֆիլմն արժանացել է պարգևի «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում, իսկ վերջինիս գլխավոր դերակատար Ժան Դյուժարդեն` այդ ժանրում լավագույն դերասան:

Լավագույն կատակերգական հեռուստասերիալ է ճանաչվել «Ամերիկյան ընտանիքը», դրամատիկ հեռուստասերիալ` «Օտարը յուրայինների մեջ»:

Վուդի Ալենը մրցանակի է արժանացել որպես լավագույն սցենարիստ («Կեսգիշերը Փարիզում»), Մադոննան`  որպես իր ռեժիսորական «W.E.» աշխատանքի երաժշտության համահեղինակ: