Գերմանիայի հրեաների վերջին հույսը Mein Kampf-ը հրատարակելն է

15:35 • 18.01.12

Մոտ ժամանակներում Գերմանիայում կհանվի հետպատերազմյան դարաշրջանի ամենադաժան արգելքներից մեկը. Գերմանիայի գրախանութներում կհայտնվի Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) գիրքը, որն արգելված էր երկրում 1945 թվականից:

Գրքի հրատարակիչ Լոնդոնի Albertas Ltd հրատարակչության տնօրեն Փիթեր ՄըքԳին հայտնել է, որ կհրատարակվեն գրքից հատվածներ, որոնք «կհամեմվեն» պատմական վերլուծությամբ և ծայրահեղ մեկնաբանություններով: ՄըքԳիի խոսքով` հատվածները կհրատարակվեն 100.000 տպաքանակով և վաճառքի կհանվեն այս ամսվա վերջում:

Գերմանիայի Հրեաների ազգային խորհուրդը ողջունել է այս նախաձեռնությունը: Խորհրդի նախագահ Դիթեր Գրաումանն ասել է, որ գրքի լույսընծայումը կարող է փարատել դրա շուրջ ձևավորված գաղտնիության լուսապսակը:

«Ավելի լավ կլիներ գիրքն ընդհանրապես լույս չընծայել: Սակայն եթե դա անխուսափելի է, ուրեմն թող ուղեկցվի պատմաբանների մեկնաբանություններով»,- ասել է նա:

Հիտլերը Mein Kampf-ը գրել է 1924-25 թվականներին բանտում գտնվելու տարիներին: