Հին երգեր գլխավորի մասին. Հովնանյանը հովանավորել է «Գրպանի երգարան» մատենաշարը
Երեկ երեկոյան Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայացավ «Գրպանի երգարան» մատենաշարի շնորհանդեսը: Սա այս տարի առայժմ թերևս առաջին նման մասշտաբի շնորհանդեսն էր` նաև կատարված աշխատանքի ծավալներով, որի նախապատմությունն այսպիսին է: Հայկական գրեթե բոլոր հանրահայատ երգերն ընդգրկող ժողովածու ստեղծելու գաղափարը հղացել է Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի փոխնախագահ Սամվել Հարոյանը Ռուսաստանից: Շուտով նա իր գաղափարին հաղորդակից է դարձրել իր ընկեր դերասան Ազատ Գասպարյանին, ով էլ վստահություն է հայտնել, թե նման նախաձեռնությունը հաստատ կհամաձայնի ֆինանասավորել գործարար Վահագն Հովնանյանը, ում և դիմել են: Պարոն Հովնանյանը tert.am-ին ասաց, որ ինքն ամեն օր հովանավորության խնդրանքով գոնե մեկ նամակ ստանում է: Տվյալ դեպքում վճռորոշ էր եղել այն, որ խոսքը ազգային երգի մասին է, իսկ այդ գործը տուրք է լինելու հայ «սիրված երգին», ինչպես գրված է արդեն պատրաստի երգարանի ներկայանալի շապիկին: Հովնանանյանը համաձայնել է: Ըստ Ազատ Գասպարյանի պատկերավոր խոսքի` թե իրենք «ուզել են 12-ը, Հովնանյանը 20-նն է տվել», և այդպես «Հասմիկ և Վահագն Հովնանյաններ» հիմնադրամի առատաձեռնության ու թիմի մեծ ջանքերի գնով ստեղծվել է այն, ինչ ներկայացվեց հայ երաժշտասերին: Աշխատանքը գլուխ բերելու համար կազմվել է ստեղծագործական խումբ` ի դեմս ՀՀ Կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանի, երգիչներ Թովմաս Պողոսյանի և Արմեն Դարբինյանի և այլոց: Որպես երգարանի խմբագիր հանդես է եկել երիտասարդ գիտնական Անի Փաշայանը: Մատենաշարի այս թողարկումը ներկայացված է 7 հատորյակների տեսքով և խտասկավառակով: Հատորյակներից մեկը տեղեկատու է, որտեղ ներկայացված են հայտն երգերի երբեմն անհայտ հեղինակները, ինչը հեղինակները համարում են շատ կարևոր ձեռքբերում այն բացթողումների ֆոնին, որ մինչ այդ առկա են եղել: Իսկ մատենաշարի մյուս մասերը թեմատիկ ընդգրկում ունեն` Սայաթ-Նովա, մանկական երգ, անկախության տարիներին ստեղծված գործեր և այլն: Ի դեպ, վերջիններիս առնչությամբ, մատենաշարի հեղինակներն ասացին, որ ստիպված են եղել ընտրել մեծ քանակությամբ «աղբի» միջից և ի վերջո մատենաշարում ընդգրկելու համար ընտրել են 3 տասնյակ ժամանակակից երգ, ինչպիսին է օրինակ հանրահայտ «Ով, սիրուն, սիրուն»-ը, որը և կատարվեց շնորհանդեսին: Ընդհանրապես շնորհանդեսն առանձնացավ նրանով, որ երգարանում ընդգրկված մի շարք երգեր կատարվեցին` երգիչներ Արսեն Գրիգորյanի (Մրո), Արմեն Դարբինյանի, երիտասարդ երգչուհիների, Գորանի համույթի և Սպայի տան երգչախմբի կողմից: Հանդիսատեսը, որի շարքերում էր նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հատկապես մեծ ցնծությամբ ընդունեց «Մեր անունն է հայկական բանակ» երգի կատարումը: Կազմակերպիչները հայտնեցին, որ մատենաշարով շատ ոգևորված են նաև Պաշտպանության և Սփյուռքի նախարարները, որոնց արդեն իսկ նվիրվել են իրենց օրինակները: «Գրպանի երգարանը» արդեն նաև վաճառքում է` 10 000 դրամ արժեքով: Առաջիկայում հեղինակները նախատեում են ևս մոտ 30 հատորյակ թողարկել, քանի որ ի սկզբանե հղացումը եղել է այնպիսին, որ մատենաշարի հատորյակների թիվը և մեսրոպյան այբուբենի տառերի թիվը նույնը լինի, այն է` 36:










