Երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանը կմասնակցի Բեռլինի միջազգային կինոփառատոնին
Այս տարի փետրվարի 9-19-ը տեղի կունենա Բեռլինի միջազգային կինոփառատոնը, որն իրավամբ համարվում է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկը:
Յուրաքանչյուր տարի Բեռլինի կինոփառատոնին մասնակցում է ավելի քան 500 ֆիլմ, 15 հզ մասնակից և մոտ 450 հզ հանդիսատես, և այս ցուցանիշով այն առաջինն է ողջ աշխարհում:
Այս տարվա մրցութային և արտամրցութային ծրագրերը դեռ վերջնականապես չեն ամփոփվել, սակայն ուրախությամբ պետք է նշել, որ այս տարվա Berlinale Talent Campus ծրագրին առաջին անգամ կմասնակցի երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանը:
Berlinale Talent Campus ծրագիրը հանդիսանում է փառատոնի հիմնական մաս, որտեղ ներկայացվում են աշխարհի կինոոլորտի ամենահեռանակարային ու խոստումնալից երիտասարդները` ռեժիսորներ, պրոդյուսերներ, օպերատորներ, դերասաններ: Ամեն տարի այս ծրագրին ներկայացվում է առնվազն 7500 հայտ, սակայն վերջնական ցուցակում հայտնվում են 250 հաջողակները:
Նարեկ Ներսիսյանը այժմ համարվում Հ.Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջատար դերասան, նախորդ տարի արժանացել է «Արտավազդ»` տարվա լավագույն երիտասարդ դերասանի մրցանակին՝ «Լուսյեն Լյուկ» մոնոներկայացման համար:
Ինչպես ճշտեցինք վերջինիս հետ մասնավոր զրույցի ժամանակ` Նարեկն այժմ ծառայում է ՀՀ Ազգային Բանակում, սակայն ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի թույլտվությամբ, նրան ընձեռվել է հնարավորություն, որպեսզի այդ կարևոր միջոցառմանը բարձր պահի Հայաստանի պատիվը:
Հավելենք, որ Նարեկն արդեն նկարահանվել է մի շարք խաղարկային ֆիլմերում, ինչպիսիք են` Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը», Բրեյդն Քինգի «Այստեղ» ֆիլմերը, որոնք մասնակցել են ավելի քան 40 միջազգային հեղինակավոր կինոփառատոների: Իսկ նախորդ տարի Բեռլինալեից նրան հրավիրլ էին «Այստեղ» ֆիլմի եվրոպական պրեմիերային մասնակցելու համար։
«Շուտով կբացվի պաշտոնական կայքս` nareknersisyan.com հասցեով: Բեռլինում նպատակ ունեմ համագործակցել միջազգային գործակալների հետ, սա բոլորովին այլ հնարավորություն է: Վստահ եմ, որ Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր հեղինակներ կան, որոնք հնարավորության դեպքում մեծ հաջողությունների կարող են հասնել: Կինոյում ունեցածս հաջողությունների համար շնորհակալ եմ Նարինե Մկրտչյանին և Արսեն Ազատյանին, ի դեպ բոլորովին վերջերս ավարտվեցին «Ապակե կախազարդը» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները որտեղ մարմնավորել եմ գլխավոր կերպարներից մեկը»,- ասում է Նարեկ Ներսիսյանն ու հավելում, որ առաջիկայում պլանավորում է իրականացնել մի քանի թատերական բեմադրություններ, իսկ ամռանը կնկարահանվի Շողիկ Թադևոսյանի և Արեգ Ազատյանի հայ-գերմանական նոր` «Ռոմանտիկները» կինոֆիլմում:










