Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Նաննի Մորետտին
Այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր, դերասան ու սցենարիստ Նաննի Մորետտին` տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը:
Մորետտին բազմիցս մասնակցել է փառատոնին` ներկայացնելով իր ֆիլմերը, իսկ 2001թ. արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղին»` «Որդու սենյակը» ֆիլմի համար:
«Աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնի ժյուրին գլխավորելը բացի մեծ ուրախություն պատճառելուց, նաև պատասխանատու գործ է, հատկապես մի երկրում, որտեղ միշտ ուշադիր ու հարգանքով են վերաբերվում կինեմատոգրաֆին»,- ասել է Մորետտին, հավելելով, որ նախորդ երկու տարիներին փառատոնի ժյուրին գլխավորել են Ռոբերտ Դե Նիրոն և Թիմ Բերթոնը:
Տեղեկացնենք, որ այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 16-ից 27-ը:










