Ազգային կինոյի «Հայակ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգերում
2012թ. մարտին, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Orange Արմենիա» ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանակաբաշխություն:
Ինչպես տեղեկանում ենք «Orange Արմենիա»-ի հաղորդագրությունից` արդեն պատրաստ է մրցանակաբաշխության լավագույններին շնորհվող պատվավոր արձանիկը, որն ընտրվել է նախօրոք հայտարարված մրցույթի արդյունքներով:
«Երջանիկ ենք աջակցել և մասնակցել Հայկական ազգային կինոյի մրցանակաբաշխության ստեղծմանն ու կայացմանը: 86-ամյա հայկական կինոն, որն իր ուրույն տեղն է զբաղեցրել համաշխարհային կինոյի պատմության էջերում, և որը դժվար ժամանակաշրջանից հետո այսօր արդեն վերածնվում է, պետք է գնահատվի ու մեծարվի ըստ արժանվույն: Orange-ը սերտորեն կապված է կինոյի հետ ոչ միայն Հայաստանում. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի և արդեն վեց տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է»,- ասել է «Orange Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը:
Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը մասնակցում են միայն Հայաստանում` 1991-2011թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլև արտերկրում հայկական թեմաներով և հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:
Ընդհանուր հաշվով մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն և 32 վավերագրական:
Մրցանակաբաշխության`կինոյի և մշակույթի 11 անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն: Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ և դիպլոմ:
Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու և զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:










