Պատերազմ և խաղաղություն. ցուցադրվեց Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը…»

22:31 • 25.01.12

Այսօր երեկոյան «Նաիրի» կինոթատրոնում կայացավ «Եթե բոլոլրը…» (ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, ֆիլմի հեղինակ, գլխավոր պրոդյուսեր` Միքայել Պողոսյան) ֆիլմի ցուցադրությունը` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: 

Նախքան էկրան դուրս գալը, ֆիլմը` դեռ նախագծային փուլում, հասցրել էր թեժ քննարկումների նյութ դառնալ: Սակայն պետք է կարծել, որ ֆիլմն ավելի շատ սպասված էր ոչ թե դրա այլևայլ շահարկումների շնորհիվ, այլ այն գերզգայուն թեմայի մատուցման, որ ընկած է ֆիլմի հիմքում, խոսքը` Արցախի ազատամարտի մասին է: 

Այս թեմայով իսկապես միջազգային մակարդակի գեղարվեստական ֆիլմ մենք, ցավոք, չունենք մինչ օրս, ինչը հաստատեց նաև Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Պետական կառույցները, ի դեպ, միայն մասամբ են կարողացել աջակցել ֆիլմին` մոտ 25 հազար դոլարով։ Մնացած գումարները ֆիլմի` շուրջ կես միլիոն դոլար բյուջեի պարագայում (ֆիլմի` ռուսաստանաբնակ սցենարիստ Թերեզա Վարժապետյանը նշում է, որ Ռուսաստանում նման ֆիլմ կարելի է նկարել առնվազն 1,5 մլն դոլարով) հոգացել են տեղական տարբեր կազմակերպություններ և անհատներ: Վերջիններիս թվում ֆիլմի ստեղծագործական խումբը առանձնացրեց ՀՀ նախագահին, պաշտպանության նախարարին և ԼՂՀ նախագահին` նկատի ունենալով ոչ միայն զուտ ֆինանսական աջակցությունը: Բակո Սահակյանը, օրինակ, Արցախում շքեղ հյուրանոցով է ապահովել նկարահանող խմբի 30 անդամներին: Իսկ ֆիլմի պաշտոնական հովանավորը «Կոնվերս» բանկն է։

Բուն նկարահանումները տևել են 32 նկարահանումային օր` մոտ 2 ամիս, իսկ Արցախում է նկարահանվել ֆիլմի 70 տոկոսը: 

Խոսելով բուն ֆիլմի մասին` որպես կինեմատոգրաֆիական գործի, պետք է նկատել, որ ֆիլմը իր մատուցմամբ road movie, ասել է թե` ճամփորդական ժապավեն, կոչված ֆիլմերին է մոտ: Սա բառի բուն իմաստով Ֆիլմ-ուղևորություն է դեպի Արցախ երկիր և սահմանից էլ այն կողմ, որտեղ ֆիլմի հերոսները, այդ թվում` և տնկին, հատուկ առաքելություն ունեն իրագործելու: Միաժամանակ սա վերհուշային ճամփորդություն է` հետպատերազմական մոտ 2 տասնամյակների հեռվից դեպի գոյամարտի ամենաթեժ շրջան, որի կիզակետում են եղել ֆիլմի` թե վիզուալ-կադրային և հիշատակումներով հանդես եկող հերոսները. պատերազմ, որին նրանց մի մասը պետք է զոհ դառնար, մյուս մասը` հաղթող, իսկ մնացածը` վայելող: 

Անհարկի համարելով ներկայացնել սյուժետային զարգացումները` պետք է նկատել, որ այս ֆիլմում կա գրեթե ամենը, ինչ բնորոշ է հին ու բարի հայկական կինոյին ու ինչ կարող էր բնորոշ լինել թե դրան, թե մեր իրականությանը. տիպիկ հայկական կերուխում, կոլորիտային երգուպար, երբեմն կենցաղային հումոր, թևավոր խոսքեր դառնալ հավակնող կենացներ ու կատակներ, անմոռանալի պատկերաշար` թշնամու փամփուշտներից առաջացած սպիներով հայկական եկեղեցի և հայոց լեռներով անցնող գոլդ համարով մեքենա, հաղթած տղամարդու անզոր հեկեկանք, իրենց վեհ կոչմանը իսկապես համապատասխանող հոգևորականներ և վզավորների դասի թիկնապահների ընտանիքի վառ ներկայացուցիչներ, ողբ սահմանից այն կողմ` սահմանից անդին մնացած զոհերի համար, և հավերժ հիշատակ ու փառք: 

Այս ամենի մատուցման մեջ սկզբում ավելի շատ գերիշխում է հումորային կողմը, բայց հետզհետե ողբերգականությունը, շոշափված թեմայի թելադրանքով, սկսում է ուղղորդել: Մասշտաբների առումով ֆիլմը ստեղծողները փորձել են գոնե տարածաշրջանային ողբերգության մակարդակի հասցնել Ղարաբաղի պատերազմը և դրա հետևանքները, դրա ընկալումը: Այս նպատակին լավագույնս ծառայել են Ռուսաստանից հրավիրված ռեժիսորը` ի դեմս Նատալյա Բելյաուսկենեի (ի սկզբանե նախատեսվում էր, որ ֆիլմը կնկարահանի Մոսկվայում հաջողությամբ հանդես եկող Կարեն Օգանեսյանը), և գլխավոր դերակատարուհին` հրեշտակային կերպարանքով Եկատերինա Շիտովան: Թե ռեժիսորի (լայնամետրաժ գեղարվեստական ֆիլմի ժանրում), թե դերակատարուհու համար այս ֆիլմը դեբյուտ է: 


Ավելին, գլխավոր դերակատարուհին այս ֆիլմի համար բացառություն և նույնիսկ անձնական զոհողություն է արել: Ծնողները դեմ են եղել նրա` դերասանուհի դառնալուն և թույլատրել են այս ֆիլմում հանդես գալ միայն այն պայմանով, որ դրանից հետո նա կհրաժարվի դերասանուհու կարիերայից. Շիտովան այդպես էլ արել է և այժմ իրեն փորձում է ճարտարապետության մեջ:
Ի դեպ, նա Երևան կժամանի հունվարի 27-ին ֆիլմի հանդիսավոր շնորհանդեսին մասնակցելու համար:

Այս ֆիլմի ստեղծագործական կազմի այլ անդամներից մասնավորապես կարելի է առանձնացնել օպերատորին, կոմպոզիտորին և մի շարք դերասանների: Օպերտորական աշխատանքի հանդեպ ընդհանուր առմամբ կարող են շատ հիմնավոր նկատառումներ լինել` այն հիմունքով, որ ֆիլմի որոշ դրվագներ քլիպային են, բայց կան նաև մի քանի գտածո դրվագներ, մասնավորապես մեր լեռների ուրվագծային պատկերումը մայրամուտին, ապա Պողոսյանի և Շիտովայի հերոսների չարաճճիությունը հայելիներով լվացարանի մոտ. թվում է` սա կարող է ժամանակին հայելիների` կինոյում ունեցած գործածության լավագույն ավանդույթների վերականգնման թարմ օրինակ դիտարկել:

Առանձին գովեստի է արժանի ֆիլմի կոմպոզիտորը` ի դեմս Վահագն Հայրապետյանի. Ֆիլմի երաժշտական ձևավորման մեջ օգտագործված են Լիլիթ Պիպոյանի կատարումները: Ցավոք այս առումով Միքայել Պողոսյանը ընդամենը էպիզոդիկ է դրսևորել իր կատարողական ձիրքը: 

Ֆիլմի գրեթե աննկատ առավելություններից մեկն այն է, որ մեջտեղ է բերվել օրինակ լուսանցքում հայտնաված հետաքրքիր դերասան` մասնավորապես Դերոյի դերակատար Մհեր Լևոնյանը, որը դիպլոմավոր դերասան է, կռվել է պատերազմում, բայց հիմա ապրում է ինչ-որ կրպակում, գետի ափին և խոզ է պահում:

Ժանրային խիստ բնորոշմամբ սա տրագիկոմեդիա է, որը հեղինակները հույս ունեն ցուցադրել նաև Բաքվում, Մոսկվայում և այլուր: Այս պարագայում լրագրողներից ոմանց մտահոգությունն այն էր, թե օտարերկրյա հանդիսատեսի համար ինչպես են թարգմանելու խիստ ինքնատիպ ղարաբաղյան արտահայտությունները: Իսկապես դժվար է լինելու Ղարաբաղի բարբառով «Երեք խոզուկներ» հեքիաթի բեմադրության ողջ հմայքը փոխանցել օտար լեզուներով: Կամ գլխավոր հերոսուհու ռուս Սաշայի « Լոխ լյավ ա՞»-ն: