Ալպյան սառցե հյուրանոցից ոգեշնչված չեչեն արվեստագետը սառցե մզկիթ է կառուցելու
Ավստրիական Ալպերում սառցե հյուրանոցի կառուցման աշխատանքներին մասնակցող չեչեն արվեստագետ Զամիր Յուշաևը ցանկություն է հայտնել նման մի հյուրանոց էլ կառուցել հայրենիքում: Ինչպես հայտնում է SalamNews-ը` վկայակոչելով «Չեչնիան այսօր»-ին, արվեստագետը նշել է, որ նման նախագիծը հիասքանչ կդիտվի Չեչնիայի «Վեդուչի» լեռնադահուկային առողջարանում:
«Այն հիասքանչ կլինի: Բոլորը կգան այն դիտելու: Կարելի է նաև սառցե մզկիթ կառուցել»,- ասել է նա:
Ալպյան հյուրանոցն իրենից ներկայացնում է մասամբ իրար փոխկապակցված սառցե տնակների համալիր` կառուցված միայն ձնից` առանց այլ նյութերի օգտագործման:
«Զարմանալի է, որ ներսում առանց ջեռուցման ու կահույքի, կարելի է քնել ու չցրտահարվել: Էքստրեմալ զբոսաշրջիկներն ինքնակամ կգան այստեղ, որպեսզի մեկ գիշեր անցկացնեն այդ անսովոր հյուրանոցում` վճարելով ընդամենը 200 եվրո»,- ասել է Զամիր Յուշաևը:










