Արսեն Սաֆարյանը որևէ կուսակցության չի համակրում, քարոզարշավներին էլ մասնակցում է փողի համար
Երգիչ Արսեն Սաֆարյանը Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ ասել է, թե ինքը չի համակրում որևէ կուսակցության, իսկ քարոզարշավներին էլ մասնակցում է, որպեսզի գումար աշխատի:
«Մենք բոլորս գիտենք, որ մեր խաթեր չեն ընտրում, մենք ընդամենը ամբողջացնում ենք նախընտրական միջոցառումները: Ես անում եմ իմ աշխատանքը: Ինձ համար դրանք նախ համերգներ են, տուրնեներ, հետո գումար աշխատելու առիթ»,- ասել է նա` փորձելով հերքել այն միտքը, որ քաղաքական ուժերն օգտագործում են երգիչներին իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում:
«Սա փոքրիկ ուրախություն է ժողովրդի համար: Չեմ կարծում, որ դա տգեղ երևույթ է, ես քարոզչություն չեմ անում, ես չեմ ասում ընտրեք այս մարդուն: Եղել են նաև դեպքեր, երբ ես ելույթներից հետո ասել եմ` ընտրությունը ձերն է, ընտրությունը ժողովրդինն է: Ես մասնակցել եմ շատ քարոզարշավների և որևէ ժամանակ, որևէ մեկը չի ասել, դու պետք է ասես այս կամ այն միտքը, ընտրես այս մարդուն, մենք ուրախ ժամանցն անցկացրել ենք, այդքանով սահմանափակվել»,- ավելացրել է նա:
Երգիչը ճիշտ չի համարում, երբ իրենց անունները կապում են քաղաքական կուսակցությունների հետ և չի ընդունում նույնիսկ անուղղակի քարոզչություն իրականացնելու մասին պնդումները. «Ես երգել եմ «(Հայաստանի) Հանրապետական կուսակցության» համար, երգել եմ «Դաշնակցության» համար, երգել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, հիմա ես ո՞ր կուսակցությունից եմ»:
Սաֆարյանը նաև նշել է, որ «չի կարելի երգչի անունը կապել քաղաքական հայացքների հետ քանի դեռ երգիչը չի հայտարարել, որ այս կամ այն կուսակցության անդամ է: «Ոչ մի կուսակցության հանդեպ համակրանք չունեմ: Ոչ մի կուսակցության հանդեպ պարտավորված չեմ ընտրելու, ես անում եմ իմ աշխատանքը, ես վճարվում եմ իմ աշխատանքի համար»,- ասել է նա:
Արսեն Սաֆարյանն կհամարի, որ ինքը սխալ է միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկին ընտրելու կոչ անի և այդ մեկը չարաշահի իր պաշտոնը: «Այդ ժամանակ ես կլինեմ սխալ»,- ասել է երգիչը:










