Քաղաքական ուժերի մեծ մասը պատրաստ չէ առաջարկել բանակին առնչվող լուծումներ. «Բանակն իրականում»
Քարոզարշավի վերջին օրը, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը արձանագրում է, որ քաղաքական ուժերը և լրատվամիջոցները, մեծամասամբ, քաջություն չունեն հանրային հարթակներում առարկայորեն քննարկելու Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ զինված ուժերի բարեփոխման և զինծառայողի իրավունքների պաշտպանության հարցերը:
Այս մասին նշված է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
Հավելվում է նաև, որ քաղաքական ուժերը, մեծամասամբ, պատրաստ չեն հանրությանն առաջարկելու այնպիսի լուծումներ, որոնք զինված ուժերում կհանգեցնեն ներկայումս տիրող վիճակի վերացմանը, արժանապատիվ զինծառայության պայմանների ապահովմանը և ոչ-մարտական մահերի վերացմանը և այլն:
«Իշխանական կուսակցությունները և նրանց կոալիցիոն դաշնակիցները՝ հանձինս երկրի նախագահի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, տապալել են զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հանրային հրամայականն իրականացնելու գործը՝ անգործությամբ, կոռումպացված իրավական համակարգով և հայրենասիրական սին լոզունգների հետևում թաքնվելով»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ընդգծում է, որ այս կուսակցությունների գործունեությունը իշխանության մեջ և նախընտրական վարքագիծը ցույց են տալիս, որ նրանք չեն ուզում կամ ի վիճակի չեն արմատական բարեփոխումներ կատարել զինված ուժերում:
ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, ով ստորագրել է « Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի» տակ, «Բանակն իրականում» նախաձեռնությունը հիշեցնում է, որ 2008-ի մարտի 1-ին բանակն արդեն մեկ անգամ դուրս է բերվել սեփական ժողովրդի դեմ, իսկ օրենքը որակվում որպես՝ բանակի կողմից նման իրավիճակի կրկնման համար հակասահմանադրական հիմքեր ստեղծող:
«Հայ զինվորի թշնամին երկրի ներսում չէ. այնտեղ իր հարզատներն են, մայրն ու հայրը, քույրերն ու եղբայրները: Կոչ ենք անում զերծ մնալ նման որևէ փորձից»,- գրված է հայտարարության մեջ:
Սակայն կոչերն այսքանով չեն սահմանափակվում. դրանք են՝ զերծ պահել բանակը նաև կուսակցական պարտադրանքից և մայիսի 6-ին զինծառայողներին ազատ ընտրության հնարավորություն տալ:
Մայիսի 6 –ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող ինը քաղաքական ուժերից միայն երեքը՝ «Միավորված հայեր», «Ժառանգությունը» կուսակցությունները և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը արձագանքել են «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կոչին՝ իրենց ծրագրերում ընդգրկել ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր, հրապարակել բանակի բարեփոխման ծրագրեր և դրանք արծարծել իրենց հրապարակային ելույթներում և բանավեճերում:
«Միավորված հայերը» խոստանում է , որ ԱԺ մտնելու դեպքում, ներկայացնելու է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ և կենսագործելու է բանակը հասարակական կազմակերպությունների համար թափանցիկ դարձնելու քայլեր:
«Ժառանգությունը» կարևորում է բանակի ապաքաղաքականացումը, քաղաքացիների՝ միայն հայրենիքի պաշտպանության սկզբունքով պարտադիր զինծառայության մեջ ներգրավելը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդնումը:
ՀԱԿ դաշինքի անունից Հրանտ Բագրատյանը պատասխանում է, որ իշխանափոխությունից հետո ՀԱԿ-ը կկազմավորի փորձագիտական խումբ՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ և կմշակի ու կիրականացնի ՀՀ զինված ուժերի բարեփոխումների արմատական ծրագիր:
ՀԱԿ-ի անունից նախաձեռնության մի շարք հարցերի պատասխանները Tert.am-ը կներկայացնի առանձին:
Ասվածին միայն հավելենք, որ ՀՀ ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ դրույթներ ունեն «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, ինչպես նաև մի շարք մեծամասնական թեկնածուներ, ինչը «Բանակն իրականում»-ը համարում է դրական ձեռքբերում:









