ՌԴ ՌՕՈւ բարձրաստիճան սպան պետական գաղտնիք է բացահայտել վատ ձեռագրի պատճառով
ՌԴ Պրիվոլժյեի մարզի շրջանային ռազմական դատարանը «Էնգելսյան» ավիաբազայի շտաբի պետին մեղավոր է ճանաչել պետական գաղտնիքի բացահայտման մեջ, հաղորդում է lenta.ru պարբերականը:
Պարզվել է, որ ղեկավարությունը սպային հրաման է տվել պետական գաղտնիք պարունակող ծառայողական փաստաթղթեր նախապատրաստել, սակայն շտաբի պետը վատ ձեռագիր ունենալու պատճառով որոշել է լավ ձեռագրով ժամկետային զինծառայողի ձեռքով լրացնել փոստաթղթերը:
Սակայն ժամկետային զինծառայողը պետական գաղտնիքի հետ առնչվելու թույլտվություն չի ունեցել, բայց դա շտաբի պետին չի կանգնեցրել: Զինծառայողը սպայի թելադրմամբ կազմել է պահանջվող փաստաթղթերը:
Դատարանում սպան ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Նրան միայն տուգանել են. տուգանքի չափը կազմել է 30 հազար ռուբլի:
«Էնգելսյան» ավիաբազայում են տեղակայված ՌԴ մարտական ռազմավարական ՏՈւ -160 և Տու-95ՄՍ ռմբարկուները:









