«Ժառանգությունը» միանում է քվեարկությունը տեսանկարահանելու նախաձեռնությանը
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուսակցությունը միանում է մայիսի 6-ին կայանալիք քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման տեսանկարահանում իրականացնելու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությանը։
«Կարևորելով 2012թ. Աժ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսևորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման տեսանկարահանում' չխախտելով քվեարկության գաղտնիությունը»,– ասվում է «Ժառանգության» շտաբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ վերոհիշյալ վեց կուսակցությունները հայտարարություն էին ստորագրել քվեարկությունն ու քվեարկության ամփոփման գործընթացը տեսանկարահանելու մասին։ «Ժառանգությունից» բացի, հայտարարությանը չէին միացել «Միավորված հայեր» կուսակցությունը և «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը։
«Ժառանգության» հայտարարությունում նաև նշվում է, որ իրենք կարևորում են քվեարկության ընթացքի և դրանց արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը, որը կօգնի ընտրախախտումների արձանագրման հարցում:
««Ժառանգություն» կուսակցությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ էլ բարձրացրել է ընտրական տեղամասերում պարտադիր տեսանկարահանում իրականացնելու դրույթը օրենքով ամրագրելու վերաբերյալ հարցապնդումը, ինչը մերժվել է իշխող կոալիցիայի կողմից, և այս նախաձեռնությունը համահունչ է տարիներ շարունակ հետևողականորեն ներկայացրած մեր դիրքորոշմանը:
Մենք ևս երաշխավորում ենք, որ մեր վստահված անձանց կատարած տեսանկարահանումները, ըստ պահանջի կտրվեն մյուս մասնակից կուսակցություններին»,– նշվում է հայտարարությունում:









