ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև կոալիցիայի կազմումը կախված կլինի արդյունքներից. Վարդան Օսկանյան
ԱԺ ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև հնարավոր կոալիցիան կախված է հետագա արդյունքներից: Այսօր ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստին հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ այսօր իրենց խնդիրն է հրաժարվել «եղած իմիտացիաներից»:
«Ես չեմ զլանա ասել, որ հինգ տարի մենք ապրել ենք իմիտացիոն երկրում: Այս ընտրություններով մենք դրան պետք է վերջ դնենք և գնանք ժողովրդավարության, ազատ տնտեսության, օրենքի հաստատման և մյուս բոլոր ոլորտներում իսկական սկզբունքների հարգման ու դրանց անվերապահ իրականացման հետևից»,-ասաց Օսկանյանը:
Վերջինս նկատեց, որ կոալիցիան պետք է լինի քաղաքական բովանդակային հակակշիռ:
«Այս հարցերը նորմալ ընտրությունների արդյունքում պետք է ծագեն, այսինքն՝ հաղթող կուսակցությունը ոչ կայունության և ոչ էլ օրինականության խնդիր պետք է ունենա, եթե ժողովրդի կողմից արդար է ընտրվել»,-ասաց նա և ավելացրեց, որ իրական սկզբունքների հարգման և դրանց իրականացման համար պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ:
ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը նույնպես կիսեց Վարդան Օսկանյանի կարծիքը, որ քաղաքական հետագա համագործակցությունը պայմանավորված կլինի արդյունքներից, սակայն նա նաև հավելեց, որ կոալիցիա պետք է կազմեն բնականոն ճանապարհով:
«Կոալիցիա կոչվածը երկրում պետք է ձևավորվի բնական ճանապարհով, այսինքն՝ չի կարող լինել կոալիցիա, երբ առանձին քաղաքական ուժ ինքնուրույն ձևավորում է մեծամասնություն և հասկանալի է, որ նրա հետ կոալիցիա կազմելը ինքնին անտրամաբանական է, որովհետև մեծամասնություն, նշանակում է ինքնուրույն պետք է ստանձնի պատասխանատվությունը»,-ասաց Ռուստամյանը:
Իսկ եթե երկուսի կամ երեքի միասնությունը կարող է մեծամասնության հանգեցնել, ապա ըստ ՀՅԴ ներկայացուցչի, պետք է հաշվի առնել, որ կոալիցիաները նաև ձևավորվեն պլատֆորմներից բխող նպատակների հիման վրա՝ իրենց ծրագրերն ու անելիքները համաձայնեցնելով:
Ռուստամյանը հստակեցրեց, որ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ ծրագրերը հիմնականում անհամատեղելի են, քանի որ իրենց կողմից նշված 3 հիմնական ուղղություններում՝ ազգային, ժողովրդական և սոցիալական, որոշ դեպքերում նաև հակասություններ կան: «Այդ 3 ուղղություններում մենք չենք տեսնում, որ ՀՀԿ-ն նույն քայլերն է ասում, այդտեղ համընկնում չկա: Իսկ համագործակցություն հանուն համագործակցության՝ անիմաստ է»,-նշեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:









