Ամեն ինչ անելու ենք, որ ընտրակեղծիք չլինի. Լևոն Զուրաբյանը
ՀՀ ԱԺ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի մաս կազմած երեք քաղաքական ուժերը՝ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն արդեն իսկ հաստատել են համագործակցության 4 կետերի շուրջ հիմնական սկզբունքները: Այսօր հրավիրված լիագումար նիստում ՀԱԿ միասնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ բոլոր կետերին:
Ըստ նրա՝ մայիսի 6-ին այս 3 քաղաքական ուժերի ցուցումը իրենց հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, տեղական մարմիններին կլինի իրար հետ սերտորեն համագործակցելը: «Դա նշանակում է, որ համարյա բոլոր տեղամասերում միասնական շտաբը համատեղ կունենա 5-6 հոգի, որոնք համագործակցելով իրար հետ, ամեն ինչ անելու ենք, որ ընտրակեղծիք չլինի»,- ասաց Զուրաբյանը:
Վերջինս նաև մասնավորեցրեց, որ կաշխատեն, որպեսզի հաշվարկը ճիշտ լինի, լցոնումներ չլինեն, բաց քվեարկություններ չլինեն, չլինի հուշելով քվեարկություն, քվեի նկարահանում չլինի և այլն:
Հաջորդ քայլը, ըստ ՀԱԿ միասնական շտաբի ղեկավարի, այն է, որ շտաբը կստեղծի համատեղ մոբիլ խմբեր. «Այդ խմբերին կցված կլինեն մեկական ներկայացուցիչ՝ երեք ուժերի կողմից: Մենք կխնդրենք միանալ լրագրողներին, փաստաբաններին, միգուցե նաև դիտորդներին, որոնք ցանկություն կունենան համագործակցել միասնական շտաբի հետ: Այդ մոբիլ խմբերի նպատակը կլինի արձագանքել աղաղակող խախտումներին, արձանագրել կոնկրետ խախտումը և վերացնել դա՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում»,- ասաց Զուրաբյանը:
Շտաբի երրորդ քայլը, ըստ նրա, կլինի այն, որ կկազմվի միասնական ընտրացուցակ, քանի որ ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանի հետ մեծ հույսեր չի կապում. «Այսինքն, մեր ներկայացուցիչները բոլոր ընտրատեղամասերում ցուցում կստանան կոնկրետ անուն ազգանուններով հստակ նշել, թե ո՞վ է եկել և քվեարկել: Պետությունը քվեարկած անունները պահում է որպես պետական գաղտնիք, մենք այդ գաղտնիքը բացահայտելու ենք՝ ունենալով ալտերնատիվ ռեգիստր»,-ասաց Զուրաբյան:
Վերջինս տեղեկացրեց, որ հետագայում ստուգելու են, թե ո՞վ է եկել ու ապօրինաբար քվեարկել գոյություն չունեցող կամ Հայաստանից բացակայող մարդու փոխարեն.«Մենք հասնելու ենք նրան, որ այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու»,-ասաց ՀԱԿ միասնական շտաբի ղեկավարը:
Վերջին քայլն այն է, որ շտաբի քաղաքական ուժերի միջև , ըստ Լևոն Զուրաբյանի, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու քվեարկության մասնակիցների այլընտրանքային հաշվարկ: «Երեք ժամը մեկ մենք կստուգենք, թե քանի՞ մարդ է եկել և մասնակցել ընտրություններին»,-տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը:









