ՀԱԿ-ը կփոխի պատկերն ԱԺ-ում. քաղաքագետ
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում պատկերը կփոխվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` կանխատեսելով, որ ներկայիս խորհրդարանական ուժերին կմիանա նաև Հայ ազգային կոնգրեսը:
«Կարելի է դիտարկել բազմաթիվ սցենարներ, սակայն ամենահավանական սցենարի համաձայն` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դժվար թե ստանա ապագա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը, իսկ նոր կոալիցիայի ստեղծումը կդառնա օբյեկտիվ անհրաժեշտություն»,- ասաց Մարկարովը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի կարծիքով` դեպքերի զարգացման լավագույն սցենարներից մեկի համաձայն` ՀՀԿ-ից բացի, կոալիցիայի ստեղծման համար անհրաժեշտ ձայներ կստանա նաև «Օրինաց երկիր»-ը: Երկու կուսակցությունները կստեղծեն կոալիցիա ու կշարունակեն իրենց գործունեությունը:
Մեկ այլ` ոչ պակաս սցենարի համաձայն` «Օրինաց երկրից» բացի, կոալիցիայում կընդգրկվի նաև երրորդ քաղաքական ուժը:
Երրորդ սցենարի համաձայն` կստեղծվի մեծ կոալիցիա, որտեղ դերակատարները մուտք կգործեն` թելադրելով իրենց պահանջները, և այստեղ կառաջանա իշխանությունը կիսելու անհրաժեշտություն: «Հարցն այստեղ նրանում է` ո՞ւմ հետ և որքա՞ն է պատրաստ կիսվել ՀՀԿ-ն»,- ասաց քաղաքագետը:
Նա ներկայացրեց նաև ՀՀԿ-ի համար ճգնաժամային մի սցենար, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միավորվի մեկ այլ կուսակցության հետ` կոալիցիայից դուրս թողնելով ՀՀԿ-ին, և խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվի «ԲՀԿ+ այլ կուսակցություններ» ձևաչափով:









