ՀՀԿ միջոցառումը ժամանակից շուտ ավարտվել է, Սերժ Սարգսյանը մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն

21:20 • 04.05.12

Քիչ առաջ ՀՀ նախագահը ժամանել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են այսօր Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀ նախագահին ուղեկցում է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։


Նշենք, որ Հանրապետության հրապարակում։ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկներ են բռնկվել և այրվածքներ են ստացել նախնական տվյալներով շուրջ 30 քաղաքացիներ։ Հրապարակում գտնվող մարդիկ վախեցել են անակնկալ միջադեպից։
 

Միջադեպի պատճառով ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։

Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով վիրավորների թիվը 107 է, այդ թվում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: