ՀՅԴ գերագույն մարմինը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ

20:16 • 04.05.12

Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ գերագույն մարմնի անդամների ու Ուրուգվայի Հանրապետության արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլիս ասուլիոսով:


Ուրուգվայի Հանրապետության արտգործնախարար Լուիս Ալմագրոյը նշեց, որ իրենք խիստ կարևորություն են տալիս քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններին թե՛ իրենց երկրի ներսում, թե՛ դրսում:


«Մենք պատրաստ ենք համագործակցելու արտաքին հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Գոհ ենք, որ հարաբերություններ ունենք իշխանության հետ, բայց նաև ուրախ ենք հարաբերություններ պահպանել կուսակցությունների հետ, և կարծում եմ՝ որոշ հարցերի շուրջ միասին կաշխատենք»,-ասաց նա:


Նա նաև նշեց, որ ՀՅԴ գերագույն մարմնի անդամների հետ հանդիպմանը պարզվեց, որ ընդհանուր շատ հարցերում համակարծիք են և ապագայի համագործակցության համար, ի դեմս այս կուսակցության, հավանական գործընկերոջ են տեսնում:


Հարցին, թե հատկապես ինչպիսի համագործակցության մասին է խոսքը, նա պատասխանեց.


«Ես միշտ կողմնակից եմ եղել, որ քաղաքական կուսակցությունների հետ համագործակցություն լինի: Իմ՝ Գերմանիայում դիվանագետ աշխատելու տարիներին էլ, ես հարաբերություններ եմ ստեղծել մեր և գերմանական կուսակցությունների միջև:

 

Սա ինքնաբուխ չէ, այստեղ կա սփյուռքի դերակատարությունը, որովհետև մեր երկրում հայերը ակտիվ համագործակցում են մեր կուսակցությունների հետ:


Կարծում եմ, որ այս բոլորը կնպաստի, որ մենք կարողանանք Դաշնակցությանն ավելի մոտեցնել Ուրուգվայի կուսակցություններին»,-ասաց նա և ավելացրեց, որ Ուրուգվայից խորհրդարանականների այցելությունները և Հայստանի հետ բարեկամության աշխատանքները պիտի նպաստեն, որ այս հարցերն ավելի արդյունավետ լինեն: