Ուրուգվայի Հանրապետությունը չի ցանկանում որևէ հարցում առաջինը լինել
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին Ուրուգվայի Հանրապետությունն իր դիրքորոշումը հայտնել է դեռ անցած տարի: Այս մասին այսօր հիշեցրեց Ուրուգվայի Հանրապետության արտգործնախարար Լուիս Ալմագրոյին ՀՅԴ գերագույն մարմնի անդամների հետ հանդիպումից հետո:
«Հայաստանի և Ուրուգվայի Հանրապետությունների հարաբերություններն իրենց պատմությունն ունեն: Մենք Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին պետությունը դարձանք: Ինչպես գիտեք, այսօր պաշտոնական հանդիպում ունեցանք ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, քննարկեցինք միջազգային հարաբերությունների մի շարք հարցեր»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ Ուրուգվայն առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նա պատասխանեց. «Մենք չենք ուզում որևէ հարցում լինել առաջինը, հույս ունենք՝ մինչև մեր կողմից ճանաչումը՝ արդեն որոշ պետություններ ճանաչած կլինեն: Նման հարցերը պետք է քայլ առ քայլ լուծվեն»,-ասաց նա:
Ուրուգվայի արտգործնախարարը հույս հայտնեց, որ հարցը կլուծվի միջազգային համայնքի ջանքերին համահունչ, և Մինսկի խումբը կկարողանա իր դերակատարությունը ունենալ հարցի կարգավորման գործում:
«Մենք հասկանում ենք, որ Մինսկի խումբը մի շարք սկզբունքներ է առաջ քաշում հարցի լուծման համար: Մի կողմից տարածքային ամբողջականություն, մյուս կողմից ինքնորոշման իրավունք: Սրանք անհրաժեշտ այն սկզբունքներն են, որոնց հիման վրա կարելի է այս խնդիրը կարգավորել»,-ասաց նա և ավելցարեց, որ այս խնդրում կարևոր է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որովհետև բնակչությունը դրսից բերված չէ, ինչպես Կոսովոյի դեպքում և կա այն տարրը որ պետք է ԼՂՀ-ն իր կարգավիճակը վճռի:
Նա ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ այս հարցը խաղաղ ճանապարհով կլուծվի: «Պատերազմի մասին անընդհատ խոսելը չի նպաստի հարցի կարգավորմանը»,-ասաց արտգործնախարարը:









