Անտեսելով Ադրբեջանի բողոքները՝ եվրոպացի հնագետները շարունակում են պեղումները Ազոխի քարանձավում (լուսանկարներ)

11:57 • 05.05.12

Չնայած Ադրբեջանը պարբերաբար դիմում է միջազգային տարբեր կազմակերպությունների` ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ և Եվրախորհրդարան, և պահանջում կասեցնել պեղումները Արցախի Հանրապետությունում գտնվող, աշխարհի հնագույն քարանձավներից մեկում` Ազոխի քարանձավում, եվրոպացի գիտնականներից կազմված արշավախումբը շարունակում է ակտիվորեն պեղումներ կատարել այնտեղ, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց քարանձավում պեղումներ իրականացնող գիտական խմբի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը։


«Քարանձավը շատ մեծ է, բաղկացած է մի քանի հսկայական կացարաններից: Քարանձավի գոյությունը ապացուցում է, որ գրեթե երկու միլիոն տարի առաջ Հարավային Կովկասը միջանցք է դարձել, որով տեղի է ունեցել նախապատմական մարդու միգրացիան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց :


Եպիսկոպոսյանի տեղեկացմամբ, քարանձավում առաջին պեղումներն իրականացվել են 60-ականներին` Խորհրդային Ադրբեջանի կողմից: Սակայն կատարված աշխատանքների բնույթը պարզորոշ ցույց է տալիս, որ ադրբեջանական հնագետներին գիտական աշխատանքը չէ, որ հետաքրքրել է:


«Իրականում ադրբեջանցի հնագետներին Ազոխ էր բերել ոչ թե քարանձավի նկատմամբ գիտական հետաքրքրասիրությունը, այլ նրանում թաքցված գանձերի մասին պատմող առասպելը»,- ասում է հնագետն ու հիշեցնում ադրբեջանական առասպելը, ըստ որի, Տողի և մոտակա գյուղերի հայ բնակիչները մոնղոլական արշավանքների ժամանակ իրենց ոսկիները թաքցրել են քարանձավում, նաև, իբր թե, հայերը քարանձավում են թաղել Ամարասի գանձերը:

Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ, ահա թե ինչու էին ադրբեջանցի գանձագող-հնագետներն անխնա պայթեցնում քարանձավի շերտերը` թանկարժեք պահուստը լույս աշխարհ հանելու համար:

«Ադրբեջանցի հնագետները պեղումների ժամանակ օգտագործել են հանքահատ մուրճեր, կատարել են պայթեցումներ: Մի բան, որ բացարձակապես չի համապատասխանում աշխարհում ընդունված մեթոդներին, այսինքն, կիրառել են միանգամայն բարբարոսական մեթոդներ»,- ասաց հայ գիտնականը։


Սակայն առասպելական գանձերը գտնելու հույսը կորցրած, ադրբեջանցիները դադարեցնում են քարանձավի «պեղումներն» ու երկար ժամանակ մոռանում Ազոխի գոյության մասին:


Ազոխի գիտական կարևորության մասին հարևանները հիշեցին միայն այն ժամանակ, երբ արտասահմանցի գիտնականները, հայկական կողմի ներգրավմամբ, 1999 թվականին սկսեցին ակտիվորեն զբաղվել քարանձավի ուսումնասիրությամբ:
«Ադրբեջանի իշխանությունների «սև» ցուցակում են հայտնվել այն երկրները` Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, որոնց հնագետներն այսօր մասնակցում են քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկում` Արցախում գտնվող Ազոխի քարանձավի պեղումներին»,- ասում է Լյովա Եպիսկոպոսյանը:


Հարցին, թե ինչո՞ւ են իրար խառնվել հարևանները, Լևոն Եպիսկոպոսյանը պատասխանեց. «Ադրբեջանի իշխանություններն, ընդամենը, վերջերս են գիտակցել Ազոխի քարանձավի բացառիկ դերը, ու գլխի ընկել, որ կարելի է այն օգտագործել իրենց` իբրև տեղաբնակ լինելու մասին մոգոնած հեքիաթը իրականություն ներկայացնելու համար. այսպես, իբր գոյություն ունի ազերի էթնոս և այդ էթնոսի տեղաբնիկությունը «հաստատվում» է Ազոխ քարանզավի գոյությամբ. խոսքը վերաբերում է Ազոխ անվանը»:


Լևոն Եպիսկոպոսյանի տեղեկացմամբ, պեղումները կատարվում են գրագետ, միջազգային բոլոր նորմերի համաձայն։ Օգտագործվում են ժամանակակից սարքեր, որոնք իրենց հետ բերում են մեր արտասահմանյան գործընկերները։
Գիտարշավին մասնակցել ցանկացող գիտնականների թիվը շարունակ ավելանում է:

 

«Ազոխը եզակի քարանձավներից է, որը պարունակում է մարդու պատմությունը հնագույն ժամանակներից առայսօր: Պատկերավոր ասած, այն կարելի է բավականին հաստ գրքի հետ համեմատել, որի էջերը շատ դժվար է բացել, քանի որ դժվար են կարդացվում, ու պահանջում է որոշակի հմտություն, գիտելիքների իմացություն, բայց, այնուամենայնիվ, թույլ է տալիս բացահայտելու այն պատմությունը, որի տևողությունը 100 հազարավոր տարիներ են»,- ներկայացրեց Լևոն Եպիսկոպոսյանը: