11-ամյա երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 4-ին ժամը 21-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Արմավիրի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.40–ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 21-ամյա Դավիթ Հարությունյանը վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 28 ԼՕ 507 համարանիշի ավտոմեքենան՝ Արմավիր–Արաքս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Սարդարապատ գյուղի բնակիչ 4-րդ դասարանի աշակերտ՝ 11-ամյա Կարեն Պողոսյանին։
Վրաերթից հետո վարորդը երեխային տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն և ինքն էլ ինքնակամ ներկայացել Ոստիկանության Արմավիրի բաժին։
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան երեխան հիվանդանոցում մահացել է։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









