Ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները հայտնաբերել են 33–ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ դանակահարած երիտասարդին (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔԳՀՎ) աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, քիչ առաջ Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին մի քաղաքացու։ Ինչպես Վաղարշապատից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ, սակայն Երևանում փաստացի բնակվող, անհատ տաքսու վարորդ 35-ամյա Կամո Բունիաթյանն է։ Նրա նկատմամբ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանը հայտնում է, որ այս տարվա մարտի 24-ին, գիշերը ժամը 01.30–ի սահմաններում, Կ Բունիաթյանը Էջմիածին–Մարգարա ավտոճանապարհի 5 կմ հատվածի մոտ գտնվող դաշտի մեջ ծեծի է ենթարկել 33-ամյա Հռիփսիմե Հարությունյանին։ Այնուհետև իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին։ Հարվածներն այնքան ուժգին են եղել, որ դանակի շեղբը կոտրվել և մնացել էր Հ. Հարությունյանի մարմնի մեջ՝ թիկունքի կողային մասում։
Ծեծելուց և դանակահարելուց հետո Կ. Բունիաթյանը դիմել էր փախուստի, իսկ Հ. Հարությունյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրահատության արդյունքում հեռացրել են շեղբը։
Նրան այսօր ՔՀԳՎ աշխատակիցները հայտնաբերել են Հարավ Արևմտյան թաղամասում։
Այս պահին քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
Ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները հայտնաբերել են 33–ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ դանակահարած երիտասարդին
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









