Է.Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատվիրակությանը (տեսանյութ)

20:06 • 05.05.12

Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեին (Jurgen Klimke) և Մանֆրեդ Գրունդին (Manfred Grund), ովքեր Հայաստանում են գտնվում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:


Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը զգալիորեն ընդլայնվել է: Նախարարը կարևորեց վերջերս Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը և հույս հայտնեց, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:


Կողմերը քննարկեցին հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները:


Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանում ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել:


Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: