Սահմանադրական դատարանը մերժեց միասնական շտաբի հայցադիմումը (լրացված)
Սահմանադրական դատարանն այսօր մերժեց Ազգային ժողովի ՝«Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 30 պատգամավորների ստորագրությամբ հայցադիմումը:
Որպես մերժման հիմք ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքի դեռ մշակման ժամանակ ներկայացված կարծիքը, ըստ որի իրավունք չկա հրապարակելու քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրություններով ցուցակը։
Այսինքն Վենետիկի հանձնաժողովի կողմից ևս այս պահանջը համարվում է քվեարկության գաղտնիության սկզբունքին հակասող։
Լրագրողների հետ զրույցում միասնական շտաբի փաստաբան Վահե Գրիգորյանը նկատեց, որ թեև ՍԴ-ն մերժեց իրենց հայցադիմումը՝ գտնելով, որ առաջադրված նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, այդուհանդերձ, ըստ նրա, ՍԴ-ի որոշման մեջ իրենց համար «որոշ դրական էլեմենտներ կար»: «Այնուամենայնիվ, ՍԴ-ի կողմից բավականին հստակություն մտցվեց ընտրական օրենսգրքի՝ մեր կողմից վիճարկվող նորմերի հարցում, մասնավորապես ընտրողների կողմից ստորագրված ցուցակների չհրապարակման կամ հրապարակման սահմանափակման իրավակիրառման պրակտիկայի և դրա կիրառման փորձի մասով։ Այսինքն՝ այլ խոսքով, ընտրական հանձնաժողովները, պետական այլ մարմինները և պաշտոնատար անձինք, փաստորեն, ավելի սահմանափակ են այդ նորմերը ընդհանրական մեկնաբանելու՝ ընդուպ մինչև այդ ցուցակները ընտրական գործընթացի մասնակիցներին անհասանելի դարձնելու հարցում»,-պարզաբանեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն այս հայցադիմումով պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց անունները՝ ընտրողների ստորագրած ցուցակներով:
՝









