Սուրեն Զոլյանը ԵՊԼՀ-ի ռեկտորի ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը

14:39 • 05.05.12

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկինի ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնի ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի:
«Ես ինձ լեզվաբանական համալսարանի ռեկտորն եմ համարում: Թեև ԿԳ նախարարը չի բողոքարկել դատարանում իմ հայցը` իր անօրինական հրամանը կասեցնելու մասին, սակայն ես զրկված եմ ստորագրելու իրավունքից: Իսկ Հայաստանի օրենսդրությամբ, եթե ինչ-ինչ պատճառներով պետք է նոր ռեկտոր ընտրվի, նախ պետք է վերականգնվի նախկին կարգավիճակը»,- ասաց Սուրեն Զոլյանը:


Սուրեն Զոլյանը նաև նշեց, որ այս պահին գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում և ինքը ուրախ կլինի, որ հարցը լուծվի Հայաստանի սահմաններում:


«Ես չեմ ուզում դիմել Եվրոդատարան, և հետո, դրա համար նախ պետք է այստեղ անցնել բոլոր համապատասխան կարգերը: Եվ հետո դա կլինի նշան այն բանի, որ համակարգը առողջանում է»,- ասաց Զոլյանը:
ԵՊԼՀ-ի նախկին ռեկտորը նաև անդրադարձավ բարձրագույն ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակին, ու նշեց, որ դրանք առաջնորդվում են ոչ թե Բոլոնյան հռչակագրով, այլ ֆեոդալական կարգերով:


«Նախարարը միշտ ճիշտ է: Ստացվում է, որ Հայաստանում կրթական համակարգի զարգացումը թերի է: Խնդիրը կառավարման համակարգի մեջ է, որ ռեկտորը պետք է համալսարանի պահակը լինի և իրավունք չունենա երկրից դուրս գնալ: Ռեկտորի պարտականությունների մեջ է մտնում համալսարանը արտասահմանում ներկայացնելը»,-նկատեց Սուրեն Զոլյանը: