Վայոց Ձորի մարզում մեքենան շրջվել է. 4 զինվորականներ տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ, տեսանյութ)

19:21 • 05.05.12

Այսօր՝ մայիսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 1990թ. Արամ Համբարձումյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 17 ՍՏ 870 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Մեղրի միջպետական ավտոճանապարհի 159.7 կմ հատվածում դեպի Եղեգնաձոր ընթանալիս Սարալանջ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և ընկել ճամփեզրի սելավատար փոսը։ Վթարի հետևանքով Վայքի բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտոմեքենայի վարորդը, Ջերմուկ քաղաքի բնակիչ 29-ամյա Կարեն Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Սասուն Գրիգորյանը, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ 30-ամյա Արկադի Մուսինյանը, իսկ ավտոմեքենայում գտնվող Էջմիածին քաղաքի բնակիչ 30-ամյա Ժաննա Աղասարյանը և 2–ամյա Սուսաննա Մուսինյանը հետազոտվել են բժիշկների կողմից և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ժաննան հղի է։

Գ. Շամշյանը հայտնում է, որ բժիշկները հիվանդանոց տեղափոխված 4 զինվորականների վիճակը գնահատում են միջին ծանրության։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Ոստիկանության փոխգնդապետ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև հետաքննիչ Ֆեոդոր Ավագյանը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ, քանի որ պարզվել է, որ վարորդը և հիվանդանոց տեղափոխված վիրավոր ուղևորները ՀՀ ՊՆ N զորամասի սպաներ են, ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության և նույն կայազորի քննչական ծառայության աշխատակիցները՝ քննիչ Ասպուրակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս պահին քննչական խումբը վթարի վայրի զննություն է կատարում։


Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով կտեղափոխվի ռազմական ոստիկանության տուգանային հրապարակ։



Լուսանկարնեը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի