ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի պատրաստվում հանձնել բանալիները
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր մոտ է գտնվում ռեկտորի աշխատանքային սենյակի բանալին և ինքը պատրաստվում է ամեն օր գնալ համալսարան և կառավարել այն:
Tert.am-ի հարցին, թե դա չի՞ ենթադրում, որ Սուրեն Զոլյանը չի ենթարկվում ռեկտորի պաշտոնակատարի հրամանին, Զոլյանն ասաց. «Այդ հրահանգը անօրինական է և ես չեմ կարող դրան ենթարկվել: Նշեմ, որ ռեկտորի պաշտոնակատարը ևս նշանակվել է առանց համապատասխան իրավական հիմքերի»:
Հիշեցնենք, որ Գայանե Գասպարյանն արձակել էր երեք հրաման, որոնցում ասվում է. «Բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին և կենտրոնների ղեկավարներին. մինչև իմ կողմից համապատասխան ցուցում ստանալը արգելում եմ որևէ հաղորդագրություն կամ նման այլ կարգի փաստաթուղթ տեղադրելը համալսարանի կայքում», «Համալսարանի գրասենյակը և կադրերի բաժինը, նշված բաժինների հետ առնչություն չունեցող անձանց, առանց իմ կարգադրության՝ չտրամադրել փաստաթղթեր» և «Մայիսի 3-ից սկսած, դասերն ավարտելուց հետո, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին, արգելվում է համալսարանի լսարանների ու աշխատասենյակների դռների բանալիների հանձնումը որևէ անձի:
Շաբաթ օրերին համալսարան կարող են մուտք գործել միայն մագիստրատուրայում սովորող ուսանողներն ու դասավանդող դասախոսները»:
Անդրադառնալով ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի հրամաններին՝ Սուրեն Զոլյանը նաև կարծիք հայտնեց, որ ԵՊԼՀ–ում հաստատելու է «կազարմայի» ռեժիմ։ Tert.am-ի հարցին, թե ռեկտորի հրահանգները որևէ անուղղակի կապ ունե՞ն Սուրեն Զոլյանի պաշտոնանկության հետ, վերջինս պատասխանեց. «Դա ինձ հետ կապ չունի: Բայց այս որոշումով ստացվում է, որ հենց դասերը վերջացան ուսանողները պետք է դուրս գան համալսարանից: Կամ գիտխորհուրդը քննարկումներ անցկացնելու համար, պետք է գնա խնդրի բանալին»:
Ս. Զոլյանն անդրադարձավ նաև վերջին օրերին լրատվական կայքերում հայտնված այն տեղեկատվությանը, ըստ որի՝ մի շարք դասախոսներ Զոլյանի հասցեին ասել էին, թե նա հաճախ դասախոսներին ազատում էր աշխատանքից, օրինակ՝ լսարանից դուրս գալու և աթոռ բերելու համար:
«Դա սուտ է: Նման բան չկա: Ամենաստոր հոդվածը գրել է մի մարդ, որը ժամանակին հեռացվել է դեկանի պաշտոնից: Քանի որ պաշտոն նշանակելու համար ես կաշառք չեմ վերցնում, ես հեշտ եմ հեռացնում պաշտոնից: Իմ համալսարանում դասախոսը պետք է սովորի: Ով չի սովորում, իրավունք չունի սովորեցնի»,- ասաց Սուրեն Զոլյանը և ավելացրեց, որ եթե դասախոսը չի կարողանում ասել, թե ժամանակակից ի՞նչ մասնագիտական գիրք է կարդացել՝ « դա արդեն տեռոր է»:
«Բայց պետք չէ այս ամենն իրար խառնել, որովհետև ինձ ազատեցին ռեկտորի պաշտոնից ոչ թե «տեռորի» համար, այլ արտասահման մեկնելու»,- մեկնաբանեց Սուրեն Զոլյանը:









