Եթե ձեզ հանկարծակի տանում են բանակ, ուրեմն՝ մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի շրջանակներում

15:36 • 18.05.12

Մեր ընթերցողներից մեկը Tert.am-ին տեղեկացրել էր, որ վերջին օրերին զինվորական կոմիսարիատների աշխատակիցներն այցելում են մարդկանց բնակարաններ և «տանում բանակ»:


Պաշտպանության նախարարության լրատվության ծառայության աշխատակից, մամուլի խոսնակի պաշտոնակատար Մուշեղ Աղեկյանն այս առիթով Tert.am-ին հայտնեց, որ դա Զինված ուժերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի համաձայն իրականացվող միջոցառում է:


«Մի քանի զորամասեր բերվել են բարձր մարտական պատրաստվածության՝ 100 տոկոս համալրմամբ»,-նշեց Մուշեղ Աղեկյանը:


Նրա խոսքով, այս միջոցառման նպատակն է՝ ստուգել զորամասերի՝ «համալրվելու, բարձր մարտական պատրաստության վիճակի բերվելու ունակությունները»:


Այս միջոցառումները վերաբերում են ոչ թե զորակոչիկներին, այլ պահեստազորում ընդգրկված արական սեռի անձանց: Այլ խոսքով՝ արդեն ծառայություն անցածներին:


Նրանց թիվը և տարիքը Մուշեղ Աղեկյանը հարկ չհամարեց հստակեցնել և միայն նշեց.«Իրենք հիմա իրենց կցագրված զորամասերում են: Միջոցառումը տևելու է մի քանի օր, ու երևի շատերն արդեն հետդարձի ճանապարհին են»:
Մուշեղ Աղեկյանը հավելվեց նաև, որ այս միջոցառումը կրում է պարբերական բնույթ և անցկացվում է, որպես կանոն, հրամատարա-շտաբային միջոցառումների ընթացքում:


Հարցին, թե մտավախություն չկա՞, որ պահեստազորայինները, ովքեր աշխատող անձինք են, կարող են այդ միջոցառման արդյունքում խնդիրներ ունենալ գործատուի հետ, ընդհուպ մինչև՝ աշխատանքից ազատում, Մուշեղ Աղեկյանը բացասական պատասխան տվեց:


Նա նաև նշեց, որ Մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի շրջանակներում մի քանի օրով զորակոչվածների աշխատավայրեր՝ ուղարկվում են համապատասխան տեղեկանքներ: