Հայաստանում՝ 1988-2012թթ. գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք
Հայաստանում՝ 1988-2012թթ. գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք, որոնցից 182-ը գրանցվել են 2011թ., այս մասին այսօր՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրական աշխարհի, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Մադոյանը:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500 հոգի: Չնայած Հայաստանում՝ այլ երկրների համեմատությամբ, վարակվածների թիվը քիչ է, սակայն տարածաշրջանի երկրների հետ համեմատած, մեր երկրում ավելի շատ է աճում հիվանդների թիվը»,-տեղեկացրեց Հովհաննես Մադոյանը:
Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդների մեջ կան 141 կին, և 11 երեխա: Երեխան ՄԻԱՎ–ով կարող է վարակվել այն դեպքում, երբ հղի կինը հիվանդ է այդ վարակով, ինչպես նաև, ծննդաբերելուց հետո կրծքով կերակրելու դեպքում:
Մարդը՝ վարակվելով ՄԻԱՎ-ով, ամենաքիչը 8-10 տարի ոչինչ չի զգում, իսկ երբ արդեն հիվանդությունը գլուխ է բարձրացնում, մարդը կանոնավոր բուժում ստանալու դեպքում կարող է ապրել ամենաքիչը՝ 10-15 տարի:
Թափանցելով առողջ մարդու օրգանիզմ, ՄԻԱՎ վարակը սկսում է բազմանալ, կապվել մարդու իմունային համակարգի, այսպես կոչված, CD4 բջիջների հետ և տարիների ընթացքում ախտահարել այդ համակարգը՝ առաջացնելով այլ վարակների և հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության թուլացում, իսկ ՁԻԱՀ-ի փուլում՝ որևէ դիմադրողականության վերացում:
Ախտահարված իմունային համակարգով մարդու օրգանիզմը դառնում է խոցելի՝ այլ վարակների և հիվանդությունների նկատմամբ. սովորական մրսածությունը և հարբուխը վերածվում են ծանր թոքաբորբի և սեպսիսի (արյան վարակ), գլուխ են բարձրացնում երբեմնի գաղտնի հիվանդությունները,առաջանում են տարբեր ուռուցքներ և այլն:
Այս պրոցեսն ուղեկցվում է արյան լիմֆոցիտների քանակի աստիճանական նվազեցմամբ, որոնք պատասխանատու են օրգանիզմի՝ տարբեր վարակներից և հիվանդություններից պաշտպանության համար:
ՁԻԱՀ-ի ծաղկման շրջանում մարդու օրգանիզմն ամբողջությամբ դառնում է ցանկացած հիվանդության նկատմամբ անպաշտպան: ՁԻԱՀ-ի փուլում հիվանդը մահանում է՝ ընկճված դիմադրողականության ֆոնի վրա զարգացող տարբեր այլ վարակներից, ուռուցքային և այլ հիվանդություններից:









