Արամ Գյուրջյանը նախընտրական շրջանը համեմատում է երեք գլխանի հրեշի հետ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության խորհրդի անդամ Արամ Գյուրջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ արդեն անցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում հայ հասարակությունն ականատես եղավ երեք գլխանի հրեշի:
Ըստ նրա՝ հրեշի առաջին գլուխը ապատեղեկատվությունն էր. «Դեռ քարոզարշավի սկզբում կարելի էր լսել հաղթողների ճամբար արտահայտությունը, ինչը ասվում էր հաճախ և ուղղորդող նշանակություն ուներ»:
«Երկրորդը՝ մեր հասարակության բարոյահոգեբանական ճնշված մթնոլորտն էր: Եթե անծանոթ մարդ անծանոթ համարից զանգում է մեկին ու հուշում է, թե որ քաղաքական ուժին պետք է ձայն տա, սա ևս ահաբեկում է, ինչը տվեց իր բացասական պտուղները»,- ասաց նա:
Հրեշի երրորդ գլուխը, ըստ Արամ Գյուրջյանի, բաժանված ընտրակաշառքն էր, ինչը, նրա համոզմամբ, վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից:
«Նյութական արժեքը դարձել է առաջնային: Մարդիկ հրաժարվում են սեփական ձայնի իրավունքից, դա շատ մտահոգիչ է: Մի ամբողջ հասարակությանը սովորեցնում են հանցագործություն գործել՝ ընտրակաշառք վերցնել, և այն դարձել է մեզանում սովորական երևույթ: Պետք է տանել շատ լուրջ դաստիարակչական աշխատանք»,-ասաց նա։
Արամ Գյուրջյանը միաժամանակ նշեց, որ ճիշտ չէ մեղքը բարդել միայն հասարակության վրա, որի գերխնդիրը դարձել է հանապազօրյա հացը։ Հասարակությունը, ըստ նրա, այդ քայլին գնում է առկա իրավիճակից դրդված:
Ըստ բանախոսի՝ այս ընտրությունները իշխանությունների հաղթանակն էր հասարակության նկատմամբ:
«Եթե ինչ-որ ուժ կարծում է, որ ինքը տարել է քաղաքական հաղթանակ, ապա ասեմ, որ դա պատրանք է, հույսերի պատրանք: Այն արդյունքները, որ մենք ունենք, բացարձակ չեն արտացոլում մեր հասարակության քաղաքական կամքը»,– ընդգծեց նա:
Արամ Գյուրջյանի խոսքով՝ այս քարոզարշավի ընթացքում միակ դրական երևույթն այն էր, որ դրանք անցան խաղաղ: «Ուրախ ենք գոնե դրա համար»,- ասաց նա:









