Վրաստանի ու Ադրբեջանի միջև պատերա՞զմ է հասունանում
Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային խնդիրը չի հանգուցալուծվում, ավելին, ավելի է թեժանում: Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող վիճահարույց Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ երկու կողմերը ուժեղացրել են սահմանային հսկողությունը:
Չսպասելով սահմանի հստակեցման երկկողմ միջպետական հանձնաժողովի որոշմանը, ադրբեջանական կողմը խստացված սահմանային պահպանություն է մտցրել վանական համալիրի մի հատվածում, այդպես, ըստ վրացական կողմի, զավթելով վիճելի տարածքի մոտ 2%-ը:
Բաքուն պնդում է, որ հուշարձանը ալբանական մշակույթի կոթող է և պատկանում է Ադրբեջանին և Վրաստանին զգուշացրել է, որ սահմանապահները կկանխեն սահմանի ցանկացած խախտում:
Վրաստանի ոստիկանության տեղեկատվական-վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին այս կապակցությամբ հայտարարել է. «Մենք որոշել ենք ավելացնել սահմանապահների թիվը այն բանից հետո, երբ ադրբեջանցի սահմանապահները տեղեկացրել են, որ կձերբակալեն Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք կանցնեն սահմանը»:
Վանական համալիրի վրացի պահապանները պահանջում են խնդիրը լուծել մինչև մայիսի 31-ը` երբ նշվում է սուրբ Դավիդ Գարեջիի հիշատակի օրը:
Ուշագրավ է, որ վրացական կողմում ավելի շատ բողոքում են սեփական իշխանություններից, քան դեմ են Ադրբեջանի քաղաքականությանը, իսկ պաշտոնական Թբիլիսին ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ ռազմական առճակատումից խուսափելու համար: «Ինտերպրեսսնյուզ» գործակալության կազմակերպած հարցմանը մասնակցած 1000 մարդուց 748-ը ստեղծված իրավիճակի համար մեղադրել են վրացական իշխանություններին, 45-ը` ադրբեջանական, իսկ մնացածն այլ պատճառաբանություններ են ներկայացրել:
Խնդրի կարգավորման շուրջ այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև Ադրբեջանի և Վրաստանի արտգործնապարարները: Էլմար Մամեդյարովի և Գիգոլ Վաշաձեն որոշել են հարցը քննարկել Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում` առանձնազրույցի ընթացքում:
Սակայն խնդրի լուծման ճանապարհը դեռևս հայտնի չէ: Դեռևս 5 տարի առաջ Սաակաշվիլին առաջարկել էր փոխանակել վանական համալիրը` ռազմավարական բարձրունքի հետ, սակայն այն չէր ընդունվել: Տարածքի փոխանակման տարբերակը Ադրբեջանը կտրականապես մերժում է:
Չնայած վանական համալիրը տարիներ շարունակ գտնվել էր Ադրբեջանի տարածքում, սակայն ադրբեջանցի սահմանապահները երբեք չէին արգելել վրացիներին, ուխտավորներին կամ զբոսաշրջիկներին համալիր մտնել, ինչը տեղի է ունենում այս վերջին օրերին:









