«Գունավոր հեղափոխությունից» մինչև «մի՛ եղեք հավատաքննիչ ու սեռաքննիչ». Facebook

11:54 • 18.05.12

Facebook սոցիալական ցանց օգտատեր Դից Մհերը, անդրադառնալով DIY ակումբի շուրջ ծավալվող իրադարձություններին, իր անձնական էջում գրառել է.«Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին ի պաշտպանություն հնչող հայտարարությունների շարքի հետևում սկսում են երևալ «գունավոր» հեղափոխությունների հայրերի երկար ականջները։ Կհաղթահարենք, խնդիր չէ։ Բայց տխուր է այն, որ Հայաստանում «գունավոր հեղափոխությունը» բառացի են հասկացել ու այդպես էլ փորձում են իրագործել վարդաերկնագույն երանգներով»:
Գրառմանը լրագրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը պատասխանել է գրելով.«Բոլոր տեղերում էլ իրենց հեղափոխությունը վերջում այդ գույնն է ստանում»:


Հիշեցնենք, որ DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովային՝ Ծոմակին, ազգայնական և որոշ հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների կողմից վերապահվում է ոչ ավանդական կողմնորոշում, ինչի դեմ էլ, վերջին օրերին, կայքերում, սոցցանցերում, հեռուստատեսությամբ ակտիվ հակաքարոզչական պայքար է տարվում:


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀՀ քաղաքացի և ազգային-պահպանողական կուսակցության անդամ (ՀՀԿ), միանգամայն ճիշտ ու արդարացված էր համարել «երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած և հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ» և ավելացրել. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը… Իսկ մարդու իրավունքների այն պաշտպաններին, ովքեր այս միջադեպի առիթով ջանում են էժան դիվիդենտներ շահել, կոչ եմ անում՝ պաշտպանել, նախևառաջ, համամարդկային ու ազգային արժեքները»:


Էդուարդ Շարմազանովի՝ համացանցում տարածված այս հայտարարությունը ( ի դեպ, շատերն էլ Facebook-ի Արմեն Աշոտյանի էջում իրենց զարմանքն են հայտնում առ այն, թե ինչու վերջինս այս պատմության մասին իր խոսքը չի ասել – Tert.am ) առաջացրել է Facebook-ում Ծոմակին չքարկոծող խմբերի վրդովմունքը: Օգտատեր Գայանե Աբրահամյանն օրինակ՝ առաջարկում է «կանանց ու փոքրամասնությունների դեմ ուժ ցույց տալով չինքնահահաստատվել:


«Իսկ ո՞ւր էիք դուք` ազգային-պահպանողական կուսակցության անդամներդ, երբ մի ողջ Ախթալա քաղաքը վարչապետի խորհրդական Սերոբ Պողոսյանը վերածել էր այլասերվածության որջի???? ու խորտակել առնվազն 22 դեռահաս տղաների կյանքը, 22-ը դա դեռ մենք գիտենք ու արդեն փաստարկված է, թե որքաաաաան էլ կան, որ ուղղակի չգիտենք???? »,-գրառել է Գայանեն՝ շարունակելով թվարկել:

Երբ «Նուբարաշենի դպրոցում 30 տարի շարունակ հայերենի ուսուցիչ Ավագյանը այլասերում, բռնաբարում ու էլ չգիտեմ ինչեր էր անում անչափահաս աղջիկներին, մտավոր հետամնաց երեխեքին, ու նման մարդու տունն ու իրեն վառելու փոխարեն մեկ տարի շարունակ ձեր իրավապահների ջանքերով արդարացնում էիք….», « երբ գյուղապետը բացահայտ բռնաբարել ա 14 տարեկան երեխային ու էլի չի ձերբակալվում ու պատժվում»:


Կամ՝«Ո՞ւր էր ձեր, այդ պահին շաաաատ ցանկալի ազգայնականությունը, երբ Թուրքիայի հետ ֆուտբոլային խաղին ընդառաջ գլուխներդ խոնարհեցիք թուրքերի առաջ ու մեր հավաքականի վերնաշապիկներից հանեցիք Արարատի նշանը, ուր էր ձեր ազգայնականությունը, երբ Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանության հարցի քննության հանձնաժողով ստեղծելու արձանագրության տակ ստորագրություն էիք դնում………»:

Օգտատեր, լրագրող Գոհար Սիմոնյանն էլ նկատում է.«Նախ աղանդներն էին, հետո՝ նույնասեռականները: Արդյունքում՝ հոգևորականից մինչեւ իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ հավատաքննիչ են ու սեռաքննիչ»: