«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին ՀՀ օրենքի» ետ կանչելը կարևորագույն քայլ էր

13:23 • 18.05.12

«Տապան» էկո–ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանը մայիսի 15-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին ՀՀ օրենքի» ետ կանչելը համարեց կարևորագույն քայլ:

 

 

Հրանտ Սարգսյանի խոսքով՝ այդ օրը վարչապետի կողմից կայացված որոշման կարևորությունը հասարակությունը չընկալեց՝ հավելելով, որ դրա կարևորությունը ներկայացնելու համար որոշել են հանդիպել լրագրողների հետ:


«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ օրենքում կատարվել են փոփոխություններ, ուստի գոհունակություն հայտնեց, որ այն ետ է կանչվել:


«Օրենք պետք է, բայց հարց է, թե ինչ օրենք: Ճիշտ կլինի «Կենսաբանական անվտանգության մասին օրենք» կոչվի, ինչպես նշված է միջազգային կոնվենցիաներում»,- ասաց Դանիելյանը:


Նրա խոսքով օրենքից հանվել է կարևոր՝ սննդի հատվածը, որը պետք է ներառվի դրա մեջ: Օրենքով պետք է նախատեսվի, որ սնունդը, պետք է մակնշվի, որպեսզի պարզ լինի դրա մեջ կա ԳՁՕ, թե՝ ոչ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ պետությունը, սակայն, չպետք է բավարարվի ներկրողների ներկայացված փաստաթղթերով և ինքնուրույն կատարի սննդի լաբորատոր քննություն:


«Ներկրողը բերում է, ասում է՝ մաքուր է լրիվ։ Հիմա խնդիր է՝ երկիրը միայն այդ թղթերին է հավատում: Մինչև վերջերս չունեինք լաբորատորիաներ, բայց այժմ արդեն ունենք, որոնք կարող են բազա լինեն այդ ստուգումների համար»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով ԳՁՕ-ի վտանգը հավասար է ռադիացիոն վտանգի հետ, քանի որ եթե փոփոխություննները մտնեն գենոֆոնդի մեջ հետադարձ ճանապարհ չի լինելու:

Դանիելյանի հավաստմամբ, ցավոք, չկան Հայաստանում առկա ԳՁՕ-ի մասին ուսումնասիրություններ, սակայն, դրա վտանգն ակնհայտ է նաև հողի դեպքում:


«Այն հողերը, որտեղ ԳՁՕ են աճեցնում, արդեն սովորում են դրանց, եթե մի քանի տարի հետո փորձենք սովորական բույս աճեցնել, հողն այլևս չի ընդունի»,- ասաց Դանիելյանը: