Էլիզաբեթ թագուհուն քննադատել են իր միջոցառմանը «բռնակալների» հրավիրելու համար
Իրավապաշտպանները քննադատել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին` իր կառավարման 60-ամյակի առթիվ այսօր կայանալիք միջոցառմանը մի շարք երկրների առաջնորդների հրավիրելու համար, որոնք «ոտնահարել են մարդու իրավունքները»: Ինչպես հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, խոսքը, մասնավորապես, Բահրեյնի ու Սվազիլենդի առաջնորդներ Համադեի ու Մսվաթի 3-րդի մասին է:
Հայտնի բրիտանացի իրավապաշտպան Փիթեր Թեթչելը հայտնել է, որ «միապետության համար պետք է ամոթալի լինի արյունոտ ձեռքերով բռնակալների հրավիրելու համար»: Նրան աջակցել է նաև Եվրոպայի հարցերով նախկին նախարար Դենիս ՄըքՇեյնը, ում խոսքով` հրավիրվածների ցանկը հաստատող Արտաքին գործերի նախարարությունը պետք է արգելեր գոնե Բահրեյնի առաջնորդի մուտքը թագավորություն:
Ի դեպ, Սվազիլենդի թագավոր Մսվաթի 3-րդի` Լոնդոն այցի դեմ բողոքի ակցիա են անցկացրել լոնդոնաբնակ սվազիլենդցիները` այն հյուրանոցի մոտ, որտեղ պետք է հանգրվանի իրենց տիրակալը: Ցուցարարների խոսքով` իրենց հատկապես վրդովվեցրել է այն, որ թագավորը մեկ ամիս պետք է ապրի շքեղ հյուրանոցում, այն դեպքում, երբ թագավորության բնակիչները «ստիպված սնվում են կովի թրիքով»:
Թեթչելը նաև քննադատել է Բրունեյի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի առաջնորդների այցը:
Բուքինգհեմյան պալատից իրավապաշտպանների դժգոհությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեն եղել: Իսկ ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ միջոցառումը քաղաքական իրադարձություն չէ:
BBC News-ի տվյալներով` միջոցառմանը հրավիրվել է աշխարհ տարբեր անկյունների թագավորական ընտանիքների 46 ներկայացուցիչ: Ցանկում ներառված են ինչպես առաջնորդները, այնպես էլ նրանց կանայք: Այն կանցկացվի Վինձորի ամրոցում:









