Գործող կոալիցիան պետք է շարունակի գոյություն ունենալ. Գալուստ Սահակյան

13:55 • 18.05.12

Բոլոր քաղաքական ուժերը պետք է կարողանան փոխհամաձայնության գալ, և ովքեր որ խորհրդարան են եկել, պետք է համաձայնությունների դեպքում իրենց խոստումները ճիշտ կարողանան կատարել և գործող կոալիցիան պետք է շարունակի իր գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, 4-րդ գումարման Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

«Հասարակական ուշադրության կենտրոնում է ՀՀԿ-ԲՀԿ հետագա համագործակցությունը: Մենք ընտրություններից առաջ և հետո էլ ներկայացրել ենք այն քաղաքական հետագիծը, որով պետք է ընթանա մեր կուսակցությունը: Այս պահին դեռևս ոչինչ որոշված չէ, և ամեն ինչ կորոշվի առաջիկայում: Երկու կուսակցություններն էլ մտածում են, որ փոխըմբռման կայուն իրավիճակում պետք է լինեն»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Վերջինս նշեց, որ թաքուն պայմանավորվածություններ չկան, թաքուն հանդիպումներ էլ տեղի չեն ունեցել:
«Գագիկ Ծառուկյանը անվտանգության խորհրդի անդամ է, և ամեն մի հանդիպում չէ, որ մամուլը պետք է իմանա, բայց քաղաքական հանդիպումների մասին մենք հայտարարում ենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ է համախմբել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում և արտախորհրդարանական ուժերին: Գալուստ Սահակյանը նշեց, որ մի քանի ամսով կոալիցիա կազմել հնարավոր չէ, և հուշագրերը կազմվելու են առաջիկա հինգ տարիների համար:

 

«Բացի ՀԱԿ-ից մյուս կուսակցությունների հետ հանդիպումներ կան, և այդ հանդիպումները միայն լիդերների մակարդակով չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե որ քաղաքական ուժերի հետ է ՀՀԿ-ն հանդիպումներ ունենում, և ինչ ծրագրեր են մշակվում: