«Գայանե» բալետն արդեն 70 տարեկան է

12:28 • 18.05.12

Այս տարի լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի 70 ամյակը, որի առիթով վաղը՝ «Թանգարանային գիշեր» նախագծի շրջանակներում Արամ Խաչատրյան տուն-թանգարանի մշակութային ամբողջ ծրագիրը մշակված է «Գայանե» բալետի շուրջ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:


«Ինչպես միշտ նախագծի սկզբում երեխաները կնկարեն Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո, բայց այս անգամ «Գայանե» բալետի հատվածների ներքո: Այնուհետև կլինի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները: Այս տարի կրկին կլինի պարի ուսուցում մասնագետների ղեկավարությամբ, կենդանի ելույթներ կհնչեն»,- ասաց նա:


Արմինե Գրիգորյանը նշեց, որ անցած տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի ընթացքում Արամ Խաչատրյան տուն-թանգարանն ունեցել է 5000 այցելու։


«Մարդիկ արդեն գալիս են ընտանիքներով, երեխաների հետ: Այս տոնը հնարավորություն է տալիս շատ այցելուների, ովքեր աշխատանքային ժամերին չեն կարողանում այցելել թանգարան»,- ասաց նա և ավելացրեց, որ ամբողջ տարվա ընթացքում, թեև այցելուների պակաս չեն ունենում, բայց դրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են:


Մամուլի ասուլիսին ներկա Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների գլխավոր մասնագետ Սահակ Սարգսյանը նշեց, որ անցած տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Հայաստանի 60 թանգարաններ են այցելել 100. հազ.:


«Մրցակցություն կա թանգարանների միջև, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է յուրովի ներկայանալ: Նշեմ, որ վերջին տարիներին մարզերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս ակցիայի նկատմամբ, ինչը շատ ողջունելի է»,- ասաց Սահակ Սարգսյանը: