Փուչիկների պայթյունից տուժածների պլաստիկ վիրահատությունը կանի գերմանացի բժիշկ

13:46 • 18.05.12

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական համերգ–հավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տուժածների մի մասը պլաստիկ վիրահատության կենթարկվի Ադրիան Դայգլեր անունով գերմանացի բժշկի կողմից, այս մասին Tert.am–ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:


Որոշումը կայացվել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ երեկ Ադրիան Դայգլերի հետ հանդիպման ժամանակ։


Ադրիան Դայգլերը Գերմանիայի Հեյդելբերգի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր է և Հայաստանում է հրավիրվել ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։


Այս պահին ԱՆ-ում ամբողջական տվյալներ չկան, թե քանի պլաստիկ վիրահատություն կպահանջվի ներկայում հիվանդանոցում գտնվող 54 տուժածներից:


Ակնկալվում էր, որ գերմանացի բժշկի և Հարություն Քուշկյանի խորհրդակցության ընթացքում պետք է որոշվեր հիվանդներին արտերկիր տանել-չտանելու հարցը, քննարկվեին և համաձայնեցվեին բուժմանը վերաբերող հարցեր:
Ադրիան Դայգլերը համարվում է պլաստիկ վիրաբուժության ոլորտի աշխարհի լավագույն մասնագետներից մեկը:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ի՝ մայիսի 4-ի միջոցառման ժամանակ փուչիկների պայթյունից տուժել էր 154 մարդ։