Մոմավառություն Երևանում՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակման միջազգային օրվան

11:00 • 18.05.12

Հյուսիսային պողոտայի` Աբովյան և Եզնիկ Կողբացու փողոցների միջև գտնվող հրապարակում մայիսի 20-ին՝ ժամը 20.00–ին, տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան։


Միջոցառման նախաձեռնում է «Սերունդների համերաշխություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
Մոմավառությունը նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ սոցիալական գիտակցությունը:


Մայիսի 20-նն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի հետևանքով մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր:
Այն սահմանվել է 1983–ց՝ աշխարհի 115 երկրների 1200 հասարակական և համայնքային կազմակերպությունների աջակցությամբ:


Ամեն տարի այս միջոցառումն ունենում է իր խորագիրը: Այս տարվա մոմավառությունն անցկացվում է «Առողջության և արժանապատվության խթանումը միասին» խորագրի ներքո։


Այս խորագիրն ընդգծում է գաղափարը, որ անձի առողջությունը և բարեկեցությունը չի կարող պահպանվել` առանց հարգելու անձի արժանապատվությունը և առանց պաշտպանելու յուրաքանչյուր մարդու իրավունքները:


Համաձայն UNAIDS-ի վերջին վիճակագրական տվյալների` աշխարհում շուրջ 34 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Չնայած ՄԻԱՎ-ի բուժման մատչելիության ապահովումը նպաստել է համաճարակի կայունացմանը, այնուամենայնիվ, ամեն տարի 1.8 միլիոն մարդ մահանում է ՁԻԱՀ-ին առնչվող հիվանդություններից, մոտ 2.7 միլիոն ՄԻԱՎ-ի վարակման նոր դեպք է գրանցվում:


Ամեն տարի առնվազն 390.000 երեխա է ծնվում ՄԻԱՎ-ով. մի բան, որն ամբողջովին կարող է կանխարգելվել արդի բժշկական գիտելիքների շնորհիվ:


Ամբողջ աշխարհում 33 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, և այս օրը նաև կանխարգելող նշանակություն ունի համընդհանուր համերաշխության, խարանի և խտրականության խոչընդոտների հաղթահարման համար: