Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն կօգնի հայկական սննդամթերք արտադրող ընկերություններին մտնել ԵՄ շուկա
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն՝ Ավստրիայի Ֆինանսների նախարարության համագործակցությամբ Հայաստանում է` օգնելու հայկական սննդամթերք արտադրող ընկերություններին բարելավելու սննդամթերքի արտադրության գործելակերպը և բարձրացնել մրցակցությունը:
«Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագրին», որը մեկնարկեց այսօր, հրավիրված էին ՀՀ գյուղնախարարության և ձեռնարկության ներկայացուցիչներ:
Լրագրողների հետ հանդիպմանը IFC տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը նշեց, որ ծրագիրը տևելու է երեք տարի և նպատակ է հետապնդելու աշխատել առանձին արտադրող ձեռնարկությունների հետ, որպեսզի նրանք բարելավվելով իրենց արտադրանքը` հասցնեն այն միջազգային ստանդարտներին, ինչն էլ, ըստ նրանց, կնպաստի բարձրացնել մրցակցությունը և վաճառքի ու արտահանումների ծավալների ավելացմանը:
«Հայաստանն ունի բավականին մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, գյուղատնտեսական արտադրանքներ, որոնք հայտնի են տարածաշրջանում, և մենք աշխատելու ենք այստեղ, որպեսզի լավ որակի սնունդ արտադրվի, որը կնպաստի բարձրացնել մրցակցությունը և ըստ այդմ էլ՝ ավելացնել վաճառքի ու արտահանումների ծավալները»,- ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրը նաև կխթանի զբաղվածության մեծացմանը:
Թոմաս Լյուբեքը նշեց, որ օգնել նշանակում է ոչ միայն ձեռնարկություները վերազինելը նոր ժամանակակից տեխնոլոգիաներով, այլ նաև գիտելիքների փոխանցման միջոցով:
ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ռոբերտ Մակարյանը ծրագրի կարևորության համար շեշտը դրեց հատկապես հայկական գյուղմթերքների Եվրամիության շուկա արտահանելու հնարավորության հեռանկարը: Ըստ նրա, ծրագիրը կապված է Եվրոպական Միության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի հետ:









