Ներկայացվել է «Իրավական տեղեկատու կանանց համար» գիրքը
Այսօր «Զանգակ գրատանը» տեղի է ունեցել «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության հրատարակած «Իրավական տեղեկատու կանանց համար» գրքի շնորհանդեսը:
Կազմակերպությունը տեղեկացնում է, որ գիրքը հրատարակվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում:
Իրավական տեղեկատուի հրատարակման նպատակն է ընթերցողին իրազեկել ընտանեկան, առողջապահական, սոցիալական, ժառանգման իրավունքին առնչվող հարցերին, ինչպես նաև բռնությանը և քրեական պատասխանատվությանը, ներպետական և միջազգային ատյաններում իրավունքի պաշտպանության խնդիրներին:
Իրավական տեղեկատուն տալիս է իրավական քայլերի իրականացման ճանապարհը և պարզաբանում հնարավոր հետևանքները:
Իրավական ուղեցույցը ներկայացված է հնարավորինս մատչելի լեզվով՝ խուսափելով իրավական բարդ արտահայտություններից, անհրաժեշտության դեպքում նաև տրվել են իրավական հասկացությունների բացատրությունները:
Ուղեցույցին կից կա էլեկտրոնային սկավառակ, որտեղ զետեղված են դիմումների և հայցադիմումների ձևեր, ձևաթղթերի օրինակներ, ինչպես նաև օրենքներ և կառավարության որոշումներ:









