Հայաստանի լավագույն լողորդը կարող է դուրս մնալ օլիմպիադայից
Հայկական լողը վաղուց ճգնաժամի մեջ է ու օլիմպիական խաղերում Հայաստանը բացառապես սպիտակ քարտերի միջոցով է կարողանում մասնակից ունենալ:
Սպասվում է, որ 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում էլ Հայաստանը կստանա կանանց ու տղամարդկանց պայքարում 1-ական մասնակից ունենալու իրավունք:
Հայաստանի լողի ֆեդերացիան ցանկանում է, որ տղամարդկանց պայքարում ելույթ ունենա Միքայել Քոլոյանը, ով նախորդ անգամ ևս սպիտակ քարտով մասնակցել է օլիմպիական խաղերին ու բավական անհաջող ելույթ ունեցել: 29-ամյա մարզիկի` Լոնդոն մեկնելուն դեմ է Հայաստանի հավաքականի մարզիչ Միսակ Գաբրիելյանը, քանի որ Հայաստանի չեմպիոնը 16-ամյա Վահան Մխիթարյանն է:
Armsport.am-ը զրուցել է Միսակ Գաբրիելյանի հետ:
- Պարոն Գաբրիելյան, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի լողի ֆեդերացիան ցանկանում է Հայաստանի չեմպիոնին դուրս թողնել օլիմպիական խաղերից:
- Պատճառաբանությունն այն է, որ ՖԻՆԱ-ն, սպիտակ քարտեր է տալու միայն այն մասնակիցներին, ովքեր անցած տարի մասնակցել են Շանհայում կայացած աշխարհի առաջնությունում: Այդ ժամանակ Հայաստանից հանդես եկան Միքայել Քոլոյանը, Անաիդա Բարսեղյանը ու Մոնիկա Վարդինյանը: Բայց այս տարի կայացած Հայաստանի առաջնությունում 16-ամյա Վահան Մխիթարյանը Քոլոյանին հաղթեց մի քանի տարածություններում ու նա է արժանի հանդես գալ Լոնդոնում: Ես այժմ պայքարում եմ, որ Վահանը մեկնի Լոնդոն:
- Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր, եթե նա չի մասնակցել Շանհայի աշխարհի առաջնությանը:
- Պետք է ուղղակի դիմել միջազգային ֆեդերացիային ու խնդրել, որ սպիտակ քարտն այլ մասնակցի տրամադրեն: Կարծում եմ` կընդառաջեն: Արդեն նշեցի, որ Վահանն ընդամենը 16 տարեկան է ու մեծ հեռանկար ունի, իսկ Քոլոյանը նրանից 13 տարի մեծ է ու արդեն մոտ է կարիերան ավարտելուն: Ես նաև առաջարկել եմ ֆեդերացիային ևս մեկ մրցում կազմակերպել Վահանի ու Քոլոյանի համար: Վահանը ցանկացած պահի, ցանկացած լողավազանում կարող է ևս մեկ անգամ ցույց տալ, որ ուժեղ է Քոլոյանից: Իսկ եթե ուժեղ է, ապա նա պետք է ներկայացնի Հայաստանը օլիմպիական խաղերում:
- Իսկ եթե չներկայացնի, դա մեծ հարվա՞ծ եք համարում:
- Այո, ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ նա կոտրվի այս մոտեցումից: Մենք նրա հետ մեծ հույսեր ենք կապում, նա պատանի է ու Լոնդոն չմեկնելու դեպքում կարող է մեծ հիասթափություն ապրել:
- Ամեն դեպքում, այս տարի ի՞նչ այլ միջոցառումներ կան, որոնք արժանի են հիշատակման:
- Հիմնականում միջոցառումներն աշնանն են: Գյումրիում պետք է անցկացվի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մոսկվայում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը, իսկ դեկտեմբերին Ստամբուլում կկայանա 25մ երկարությամբ լողավազանում աշխարհի առաջնությունը:
Հ.Գ. Մեզ առայժմ չի հաջողվում կապ հաստատել Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանի հետ: Պատճառն այն է, որ Հայաստանի լողի ֆեդերացիան չունի գրասենյակ ու Սաֆարյանի հետ կապ հաստատելու միակ միջոցը նրա բջջայինին զանգելն է, սակայն ֆեդերացիայի ղեկավարը չի պատասխանում:









