Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այս տարվանից նոր մասնագիտություններ կլինեն. ռեկտոր

14:45 • 18.05.12

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այս տարվանից նոր մասնագիտություններ կլինեն: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ նշեց ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Նրա խոսքով՝ նոր մասնագիտությունները շուկայի պահանջն են, որը, ըստ նրա, չի կարելի անտեսել:

 

«Շուկայի հետ համադրելով՝ հասկացանք, որ ունենք ուսանողների մեծ քանակ: Տարին 30 դերասան շուկան չի ուզում, ժամանակը փոխվել է»,-պարզաբանեց ռեկտորը:

 

Նոր մասնագիտություններից է 3D մուլտիպլիկացիան, որը կդասավանդի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը: Դիմորդներին առաջարկվող մյուս մասնագիտություններից է մնջախաղը, որի կուրսն, այս տարի կղեկավարի Յուրա Կոստանյանը, իսկ թատրոնի և կինոյի ռեժիսորի կուրսը՝ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:



Մազմանյանը նշեց, որ ստեղծվել է նաև պատանիների համար հատուկ ստուդիա, որտեղ դասեր կանցկացնի ռեժիսոր Նարեկ Դուրյանը:
Արդեն գործող դերասանի վարպետություն դասընթացի համար էլ ինստիտուտում կդասավանդի դերասան Ռաֆայել Քոթանջյանը:



Ինստիտուտը նոր մասնագիտություններով է համալրել նաև մագիստրատուրան: Ռեկտորը նշեց, որ այսուհետ այնտեղ կուսուցանվեն դերասան-ռեպետիտոր, դերասան-մանկավարժ մասնագիտությունները:

Մազմանյանը հատուկ կարևորեց այն հանգամանքը, որ բուհն արդեն արտասահմանյան 6 ինստիտուտի հետ պայմանագրեր ունի, որոնցից են Բաթումիի, Թբիլիսիի, Կիևի, Սանկտ-Պետերբուրգի ինստիտուտները:

 

Ռեկտորը նշեց, որ ինստիտուտն այս տարի ուսանողներին դիմավորելու է նոր տեխնիկական բազայով և խոստացավ, որ ուսումնառության տարիներին ուսանողները կունենան հետաքրքիր կյանք:

 

«Խոտանում ենք հետաքրքիր կյանք, կարգին ուսում: Եկեք, ձեր միակ չափորոշիչը գիտելիքն է լինելու»,- նշեց նա` հավելելով, որ ինստիտուտ կարող են ընդունվել միայն պատրաստված դիմորդները, իսկ կաշառքը բացառված է: