Թանգարանների միջազգային խորհուրդը հերթական վեհաժողովը կանցկացնի Հայաստանում

12:17 • 18.05.12

Հայ գրատպության 500-ամյակի առիթով Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) հերթական վեհաժողովը առաջին անգամ կանցկացնի Հայաստանում, այս այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԻԿՕՄ-Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:


«ԻԿՕՄ-ը միշտ այս օրերին նվերներ է անում թանգարաններին: Անցած տարի 19 թանգարանների նվիրեցին համակարգիչներ, նույնը պատրաստվում ենք անել նաև այս տարի, բայց՝ 10 թանգարանների»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ այսօր թանգարանների միջազգային օրն է: Այն նշվում է արդեն 35-րդ անգամ: 1977թ-ին ԻԿՕՄ-ի վեհաժողովի ընթացքում որոշում կայացվեց մայիսի 18-ը ընդունել՝ որպես թանգարանների միջազգային օր:


Մարինե Հարոյանը նաև տեղեկացրեց, որ Վեհաժողովը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերին՝ «Գիրքը և գրավոր աղբյուրները թանգարաններում» խորագրով:


«Այդ օրերին Հայաստանում կլինի և վեհաժողովին կմասնակցի ԻԿՕՄ-ի նախագահը, Լուվրի թանգարանի տնօրենը և աշխարհահռչակ այլ թանգարանների ներկայացուցիչներ: Մենք իրենց ցույց ենք տալու մեր լավագույն փորձը»,- ասաց նա:


Հարցին, թե արդյո՞ք վեհաժողովի ընթացքում կբարձրացվի Ջուղայի խաչքարերի պահպանման հարցը, Մարինե Հարոյանը պատասխանեց. «Դա ավելի շուտ ԻԿՕՄՕՍ–ի (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) գծով հարց է, բայց մենք, անշուշտ, կբարձրացնենք: Մենք մինչ վեհաժողովը ունենալու ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով վարժանք, որի ներկա կլինեն տարբեր երկրներից մասնագետներ և այդ հարցը անպայման կրկին կբարձրացվի»: